Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը: Այս մասին Արտաշատում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Շատ կարևոր տոն է մեր ժողովրդի համար. կա Հիսուս Քրիստոսի կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որը ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ»,-իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա համեմատականներ է տարել իր կուսակցության հետ եւ ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» եւ բազմիցս «հառնել»:
«Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում: Իմ քաղաքական գործունեության մեջ միշտ կարեւոր է եղել հետեւյալ խոսքերը «Երանի նրանց, որ հալածվում են նրանց է երկնքի արքայությունը» եւ այս խոսքերը միշտ ինձ ուշ են տվել ամենադժվար պահերին»,-ասել է նա:
***
Մեր կառավարությունը երբեք հավակնություններ չի ունեցել և այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում կայացած` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստին՝ խոսելով 4 գյուղերի մասին, որոնք պահանջում է Բաքուն։
«Եվ սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար»,– ասել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն ընդհանրապես չունի։