Armtimes.com-ը գրում է. Առաջիկա ժամերից սկսած հանրապետության տարածքը կրկին կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում. Սեւ ծովից մեր երկրի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, որը կգործի մինչեւ մայիսի 28-ը ներառյալ:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մինչեւ 28-ը, գրեթե բոլոր օրերին, սեւծովյան ցիկլոնը ակտիվություն կցուցաբերի հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին: Ցիկլոնի ազդեցության հետեւանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրեւներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով եւ քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Օդերեւութաբանի փոխանցմամբ՝ բացառություն կկազմի մայիսի 25-ը. այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:
Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում: Առաջիկա 5 օրերին Երեւանում գիշերը կանխատեսվում է +13...+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է:
«Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 23-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 60-90%-ը, սակայն մինչեւ ամսվա վերջ կմոտենա նորմային, իսկ առանձին հատվածներում նույնիսկ կգերազանցի ամսական նորման:
Հատուկ ուզում եմ առանձնացնել մայիսի 27-ը, քանի որ պայմանավորված Վերջին զանգի արարողությամբ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ օրը սպասվող եղանակային պայմաններով: Ըստ նախնական կանխատեսումների՝ մայիսի 27-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային բնակավայրերում տեղումները կսկսվեն կեսօրից հետո, իսկ մյուս հատվածներում՝ երեկոյան ժամերին»
Նյութը`սկզբնաղբյուր կայքում