▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևիցս խոսողը հետևիցս ուտի, դեմիցն էլ` դեմիցս. Սերգեյ Դանիելյան

Սերժ Ավետիքյանի բեմադրությունը չեմ տեսել, Սիրուշոյի Կոմիտասի մշակման կեսն եմ լսել ինտերնետով: Ուղղակի չեմ հասկանում իմ՝ Պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին, թե որն է իրենց կռիվը: Սիրելի տիկնայք և պարոնայք, ժողովրդական և վաստակավոր արտիստներ: Դուք ունեք ձեր սիրելի նախկին և հիմիկվա իշխանության բոլոր կոչումները, ստեղծել և ղեկավարում եք տարբեր միություններ, դասավանդում եք ինստիտուտներում, 30-40 տարի նստած եք թատրոնների ղեկավարների պաշտոններում: Չեմ հասկանում` էլ ի՞նչ եք ուզում: Այս հարցը ինձ մոտ երբեք չէր ծագի, եթե ամբողջ օրը չլսեի «հայ մշակույթի փրկության» մասին կոչը:

Պատկերացրեք մի պահ, որ Կոմիտասը ամբողջ օրը քննադատեր և առաջարկեր: Կամ որ Սպենդիարյանը ստեղծագործելու փոխարեն նախագահին նամակ գրեր: Այդ ստրկական, ստոր սովորությունը ռուսերեն ասած`կլյաուզա, եկել է այն ժամանակներից, երբ դուք ամեն ինչ ունեիք, երբ իրար տակ փորելով փառքի էիք հասնում և իրար ուղարկում Սիբիր: Հանգստացեք, խոսքս բոլորի մասին չէ իհարկե: Աճեմյանի անունով երդվում եք, մի հատ հիշեք` ինչի՞ց հետո մարդը ինֆարկտ ստացավ: (Հատուկ չակերտները չեմ բացում. թող ձեր ուսանողները չիմանան, ամոթ ա):

Ամբողջ օրը խոսում եք Կոմիտասից. նամակները վերհիշեք, թե ոնց էր նրան վերաբերվում Էջմիածինը: Աշխարհի ամենաթույլ դրամատուրգի անունով մայր թատրոն եք կոչել: Պեպոյին արձան եք կանգնեցրել թատրոնի բակում: Մի ստոր ռամիկ, որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին:  Զզվեցինք լսելով, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Ինչների՞դ վրա եք այդքան ուրախանում, մսի հե՞րթ է կանգնել, որ առաջինը լինելը լավ է: Եթե չեմ սխալվում, ձեր կրոնը հիմնված է սիրո վրա: «Փրկեք մեր արվեստի գոհարները». ո՞ւմ եք դիմում: Հասկացեք վերջապես. Սովետը չկա՛, և Սերժ Սարգսյանը Լեոնիդ Բրեժնևը չի: Դուք ծիծաղ և խղճահարություն եք հարուցում: Պատկերացրեք մի պահ, եթե Դե Նիրոյին Իտալիայի ժողովրդական արտիստի կոչում տային, պատկերացրեք մի պահ, եթե Ֆրանսիայի նախագահը թատրոնի ռեպերտուար որոշեր: Ես հասկանում եմ իհարկե, որ մեր նախագահը ձեզ համար մեծ հեղինակություն է արվեստի գործերում: Բայց չարժի ամեն անգամ ՄԱԵՍՏՐՈՅԻՆ անհանգստացնել: Ստեղծեք ձերը, ավելի արժեքավորը, ավելի արդիականը: Ինչպես ասում են՝ Կեսարին թողեք կեսարյանը, իսկ սլեսարին` սլեսարյանը: 

Սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ ձեր կոլեգա` Սերգեյ Դանիելյան

Հ.Գ. Ինչպես կասեր Վարդանուշ տատս.«Հետևիցս խոսողը հետևիցս ուտի, դեմիցն էլ` դեմիցս»:

 

Աղբյուր` ejournal.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее