Արդյոք հնարավո՞ր էր, որ Արմավիան աշխատեր վնասով և շահույթ չունենար: Եթե նույնիսկ այդպես էր, ապա ո՞րոնք էին պատճառները:
Առաջին պատճառը, որ կարող էր լինել, դա վատ կառավարումն էր:
Երկրորդը, որ ուղևորների թիվն է պակասել և շահավետ չի Հայաստանի ուղղությամբ աշխատելը:
Երրորդը, որ թանկ էր վառելանյութը և օդանավակայանի սպասարկման գները:
Ի՞նչ եք կարծում, եթե ընդհանուր ավիափոխադրումների 50%-ից ավելին իրականացնող ընկերությունը, որի ավիատոմսերն ամենաէժանը չեն եղել, իսկ սեզոնային գները կրկնակի թանկ են եղել ոչ սեզոնային գներից, երբ շատ ուղղություններով ունեցել է մենաշնորհ, աշխատել է վնասով, ապա Հայաստանում գործող այլ ավիաընկերություններ կարո՞ղ էին ստանալ շահույթ: Եթե այդպես լիներ, ապա Արմավիայից բացի այլ ավիաընկերություններ ընդհանրապես չպետք է աշխատեին, որովհետև նրանց վնասները մի քանի անգամ ավելին պետք է լինեին: Եվ քանի որ նրանք շարունակում են աշխատել Հայաստանի ուղղությամբ և նրանք բարեգործական կազմակերպություններ չեն, այլ շահույթ հետապնդող լուրջ ընկերություններ, ապա քիչ հավանական է, որ նրանք շահույթ չեն ստանում: Ուստի կարելի է ասել, որ երկրորդ պատճառը՝ Հայաստանի ուղղությամբ աշխատելը, շահավետ է և խոսել ուղյեվորների պակասից, անհիմն:
Երրորդ պատճառն էլ, որ թանկ էր վառելանյութը և օդանավակայանի սպասարկումը, արդարացված չեմ համարում: Նախ այն, որ Մ. Բաղդասարովը, իմ ունեցած տեղեկություններով, Արմավիային սպասարկելու համար ունեցել է ավիաբենզին ներկրելու մենաշնորհ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանում արտոնյալ պայմաններ, բավարար էր, որ ևս մեկ գործոնով Արմավիան առավելություն ունենա մրցակիցների հանդեպ:
Մնում է առաջին տարբերակը՝ վատ կառավարումը:
Նայելով Մ. Բաղդասարովի մյուս ընկերությունների, մասնավորապես Հրազդանի ցեմենտի գործարանի և Միկա բենզալցակայանների աշխատանքներին, հասկանում ենք, որ արդյունավետ կառավարումը լուրջ կաղում է Միշա Բաղդասարովի ձեռնարկություններում: Ցեմենտի գործարանում աշխատավարձերի պարտքեր են կուտակվել և պատրաստվում են աշխատանքից ազատել 100-ավոր մարդկանց: Անմխիթար վիճակ է տիրում նաև բենզալցակայաններում: Երևում է, որ վաղուց ներդրումներ չեն եղել և մտադրություն էլ չունեն ներդրումներ անել: Ի տարբերություն մրցակիցների, ովքեր մեծացնում են իրենց ցանցը և թարմացնում բենզալցակայանները, Միկան այդ ուղղությամբ ընդհանրապես քայլեր չէր անում:
Այս ամենը ինձ մեկ բան է հուշում, որ վատ կառավարման հիմքում ոչ թե կառավարիչների ոչ պրոֆեսիոնալիզմն էր, այլ այն, որ Միշա Բաղդասարովը վաղուց էր հավաքել իր ճամպրուկները: Նա ուղղակի կթում էր իր ձեռնարկությունները, աշխատելով Հայաստանից ստանալ և տանել մաքսիմումը:
Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ նախկին և ներկա իշխանությունները տեղյակ չէին այս ամենից: Իհարկե տեղյակ էին, քանի որ իրենք են այս ձեռնարկությունները և «կթելու դաբրոն» տվել Միշային: Օրինակ խնայբանկի և էլեկտրացանցերի գործարքը կարելի է համարել ստացված, որը իր հեղինակներին բերել էր կես միլիարդից ավել շահույք: Վստահ եմ, որ շատ այլ ծառայություններ էլ է մատուցել Միշա Բաղդասարովը ՀՀ նախկին և ներկա իշխանություններին և որոնցից նա լուրջ գումարներ է ստացել: Ուստի նրա միսիան Հայաստանում վաղուց էր վերջացրել, որի համար հրավիրվել էր և հիմա ժամանակն է հեռանալ Հայաստանից, քանի դեռ ուշ չէ: Ըստ իս սա է Արմավիայի սննկացման հիմնական պատճառը:
Արման Մուշեղյանի գրառումը
Ֆեյսբուք