Սպառած էլեկտրաէներգիայի դիմաց լույսի տեսուչը ուռճացված թվեր է գրել ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 16-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 հասցեի բնակիչ Էդուարդ Հինյանի վրա: Վերջինս Asekose.am-ին դեպքի հետ կապված ուշագրավ մանրամասներ է ներկայացրել:
Ապրիլ ամսին սպառած հոսանքի դիմաց Էդուարդ Հինյանին պարտավորեցնում են վճարել 30 հազար դրամ այն դեպքում, երբ ձմռան ամենացուրտ ամիսներին այդ գումարը չի գերազանցել 20.000 դրամը: Բնակիչը հրաժարվում է վճարել 30 հազար դրամը՝ տեսուչին ասելով, որ կվճարի միայն 20 հազարը:Սակայն նրա այս հայտարարությունը դուր չի եկել էլցանցի տեսուչին՝ Սամվելին: Վերջինս ապրիլի 25-ին որոշել է այցելել Հինյանի բնակարան՝ նրա հետ հարցերը պարզաբանելու համար: Հատկանշական է այն հանգամանքը, որ տեսուչն իր հետ տանում է նաև մի քանի մարդկանց, ովքեր Հինյանի մանկահասակ երեխայի աչքի առաջ ծեծի են ենթարկում բնակչին՝ հոսանքի ուռճացված թվերը չմուծելու համար։ Հինյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ իր 4-ամյա երեխայի հետ այժմ հոգեբան է աշխատում, քանի որ դեպքից հետ երեխան վախեցած է:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Հինյանը նշեց, որ հենց հիվանդանոցում էլ սկսում է կեղծիքների շարանը։
«Ինձ տեղափոխում են հիվանդանոց, էնտեղ գլուխս նկարեցին։ Բժիշկներն էլ կապի մեջ էին էլցանցի տեղամասի պետի ու իր մարդկանց հետ։ Հետո բժիշկը եկավ ասաց՝ հանեք ռենտգենի։ Ռենտգենի եզրակացություններն էլ հիվանդանոցից իրենց ցանկությամբ գրեցին՝ չհաշված այն, որ ինձանից շտապօգնության կանչի համար պահանջում էին 40 հազար դրամ։ Օրեր հետո, երբ ցավերն ավելի խորացան, համակարգչային տոմոգրաֆիայի գնացի, որի բժիշկն ասաց, որ ինձ մոտ առկա է կոտրվածք և քունքոսկրի ներհրված կոտրվածք»:
Հինյանի պնդմամբ՝ ոստիկանությունը բողոքը ստանալուց հետո այն ուղարկում է Քննչական կոմիտե։ Նշանակված քննիչն Էդուարդ Հինյանին համոզում է չբողոքել և գործը փակել։ Սպառնալիքները իրականություն են դառնում, երբ ծեծված բնակչին ևս մեղադրանք է առաջադրվում՝ տեսուչին խփելու համար, որն, ըստ Էդուարդի, անհիմն է, քանի որ ինքը տեսուչին չի խփել, վերջինս էլ որևէ վնասվածք չունի։
«Իրենք գնացել են դատական բժշկի մոտ, փող են տվել ու իրենց ուզած եզրակացությունը ստացել: Ես բոլոր թղթերն ունեմ, որոնք ապացուցում են իմ ասածը։ Կոռուպցիան սկսվել է հենց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Ես բոլորի վրա բողքելու եմ մինչև վերջ, քանի որ այս կծիկը պետք է քանդվի։ Դատական բժիշկը գրում է, թե ես բութ գործիքով խփել եմ տեսուչին, հիվանդանոցում գրում են թեթև մարմնական վնասվածք այն դեպքում, երբ նման բան չկա»։
Asekose.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ապրիլի 25-ին՝ ժամը 19:30-ին, ահանզանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից նախնական տվյալներով գանգուղեղային տրավմա, ուղեղային ցնցում ախտորոշմամբ Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Էդուարդ Հինյանը: Վերջինիս կինը ոստիկանի հետ զրույցի ժամանակ նշել է, որ ամուսնուն ծեծել է լույսի տեսուչը: Նշանակվել է դատաբժշկական հետաքննություն և նյութերն ուղարկվել են Քնչական կոմիտե:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀԷՑ-ի Ջրվեժի մասնաճյուղից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ խնդիրը կարող են պարզաբանել միայն մեր գրավոր հարցումից հետո, որը կներկայացնենք մեր կայքում:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան