«Ամբոխից հաճույք ստանալը արվեստ է»
ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ
«Ամբոխին հաճույք պատճառելը՝ պոռնկություն»
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
(Զգուշացնում եմ, որ այս հոդվածը ես բառ առ բառ գրանցել եմ, որտեղ որ հարկն է, ու եթե որեւէ ճիվաղ հատվածաբար կամ ամբողջությամբ, բայց սեփական մեկնաբանությամբ ու Աստված մի արասցե՝ գլխագիրը փոխած մի տեղ զետեղի՝ կենթարկվի ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական պատասխանատվության)
Ով ինձ ճանաչում է՝ գիտի, ով չի ճանաչում՝ թող իմանա, որ ես բավականին հեռու եմ փառասեր ու մանավանդ մեծամիտ լինելուց։ Դա անհաջողակ, անտաղանդ «արվեստագետների» ամենաառաջին ու վերջին «ստեղծագործությունն» է։ Բայց ամեն մարդ պիտի իմանա իր տեղը, ո՞վ կարող է ասել, որ սխալ եմ։ Այո, եւ ցանկացած ողջամիտ մարդ, ապրի նա Կոլումբիայում թե Բելգիայում՝ գիտի նաեւ
մեկ այլ ճշմարտություն, ըստ որի «Ամեն մարդու թույլատրված չէ հրապարակավ իր կարծիքը պարտադրել, եւ այն ինչ կարելի է, ասենք ճանաչված գիտնականին, երգչին, գրողին կամ դերասանին՝ ԴԱ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԷ լրագրողին, հանդիսատեսին, իսկ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ՝ ինչ-որ չինովնիկի կամ քաղաքական գործչի։ Նրանք փոքրիկ մարդիկ են։
Ու հիմա, բացմաթիվ տափակների մասին խոսելու համար՝ ստիպված եմ ինձ թույլ տալ խոսել սեփական դիրքերից… ու եթե դա շատերին դուր չգա՝ թքած ունեմ, որովհետեւ ես մանկուց չեմ սիրել շատերին։ Մեծամասնությունը միշտ էլ սխալ է, ու իսկական դեմոկրատիան նունպես՝ երբեք չի լինում մեծամասնության համար։ Միշտ էլ գերադասելի է փոքրամասնությունը, իհարկե, եթե այն սեռական չէ։ Դրա համար, երբ հայտնվում են որոշ լրագռմռացողներ ու էսպիսի հարց են տալիս՝ «Ի՞նչ կարծիքի եք ընտրակեղծիքի մասին»՝ ես չեմ կարողանում պատասխանել, որովհետեւ «ընտրություններ» հասկացությունն ինձ համար պատմականորեն ընդունելի երեւույթ չէ, քանզի համոզված եմ, որ եթե ինչ-որ մեկին ընտրել է մեծամասնությունը՝ ուրեմն դա ԱՐԴԵՆ սխալ է, ԱՐԴԵՆ վատ է (կրկնում եմ՝ մեծամանությունը չի կարող ճիշտ լինել)։ Ես ոչ մի տեսակի ապուշ ԻՍՏ չեմ, բայց առավելապես հարում եմ միապետականությանը։ Բայց գիտե՞ք, որ եթե ես վերոհիշյալ մտքերի հետ համակցված պատասխանեմ, որ «…Եւ այս ամեն ինչի հետ կապված, ընդհանուր առմամբ, պատմականորեն եմ ասում՝ եթե ընտրակեղծիքներ չեն եղել՝ դրական եմ գնահատում, եթե եղել են՝ էլի դրական եմ գնահատում»՝ էդ ապուշը կգրի (ընդ որում որպես գլխագիր)՝ «ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ. ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ… Բա էսքանից հետո՝ ո՞նց չբռնես էդ իդիոտկին ու ոտքը չաղջատես հետույքից։ Ավարտում են, ասենք, համալսարանի պատմական ֆակուլտետը, հարցնում ես՝ «Աղջիկ ջան, ո՞վ է եղել առաջին կայսրը Հռոմում»… Սեռաքաղց բալոնկայի հայացքով երկար նայում է աչքերի մեջ (ընդ որում՝ ԻՐ աչքերի) ու պատասխանում՝ «Նապոլեոնը՞»… Ու տպավորություն է ստեղծվում, որ էս մոզին ընդհանրապես տարվա ամիսներն էլ չգիտի… բա էլ ո՞նց իմանա Օգոստոս բառը, էլ ուր մնաց կայսրը… Գալիս են գրքի մասին հարցազրույց անցկացնելու, չեմ ասում առանց գիրքը կարդալու (շատ կլինի, էլի, ոչխարի ձագի համար, ամենաշատը ինքն իր 50 դոլարանոց չինական iPhone-ով mp3 պիտի լսի)… հա, առանց գրքի վերնագիրն իմանալու կհարցնի՝ «Ինչի՞ մասին է գիրքը»… կամ կվիճի՝ «Բայց չէ՞ որ գրողը պիտի ելքը ցույց տա»… Այ էդ ժամանակ ես իմ տան ելքը ցույց կտայի, բայց պիտի տուն ունենալ, չէ՞, որ դրա ելքը ցույց տաս։ Ու էնպես էլ թշնամաբար վիճում են, որ հասկանում ես՝ վերջ, չկա արդեն էս էրեխեն, մարդ չի դառնա… Չես մտածում՝ ջահել է, չգիտի, որ Սողոմոն արքայի մատանու վրա գրված էր «Դա էլ կանցնի», բայց մատանու հետեւի մյուս կողմում գրված չէր Made in China։ Դե, լակոտն, ասենք հեչ, բայց իբր արդեն անուն հանած լրագրող հաղորդավարներն են սկսում վիճել ստեղծագործողի հետ։ Լավ, գոնե որպես հավասարը-հավասարի խոսեին… չէ՞ ո՞նց կլինի, ինքը պիտի բարձր դիրքերում լինի։ Հիշում եմ, մի քանի տարի առաջ, կարծեմ «Կենտրոն» հեռուսաալիքով ինչ-որ չմեծացած, բայց փոքրացած պողոս էր, պետրոս էր, ինչ էր, ի թիվս անհաշիվ կծողական արտահայտությունների վերջում ասաց՝ «Չէ, էդպես չի լինի, սխալ եք, գրողը ՊԻՏԻ լինի ընդդիմության մեջ»։ Ես էլ ասացի՝ «Իսկ ես կարծում եմ, որ հաղորդավարն էլ պիտի մեծ հետույք չունենա»… Բայց ես հո իր մասի՞ն չէի ասում, իր հետույքը մեծ չէր, իր հետույքը շատ մեծ էր… Դրանք փչածնում, աղավաղում, ծվեն-ծվեն են անում ամեն ինչ։ Ցանկացած ժողովրդական շարժում դրանց համար էլդորադո է, մաստուրբացիոն ինքնահաստատման վակխանալիա, խոսեն, հայհոյեն, գռմռան, խոսքը միայն լրագռմռացողների մասին չէ, ո՞վ են իրենք ընդհանրապես։ Շատերը կան, որ ցրտին հանրահավաքում իր իրավունքների համար կանգնած ազնիվ քաղաքացուն կարող են շեղել իր ճշմարիտ համոզմունքներց, նրան չարացնել, բարկացնել, որ մարդը սկսի բոլորին անվանել «Տականք, դավաճան»… որ մարդն արդեն ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՉՀԱՎԱՏԱ, ԱՆԳԱՄ ԱՍՏԾՈՒՆ։ Լավ բառ կա, էլի՝ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ։ Դրանք էն ստորախավ-պրոլետարիատ Շարիկովներն են, որ իրենց աաղբանոցներից ելան ու քարուքանդ արին աշխարհը։ Մարդիկ՝ շնային սրտով՛ Բայց արդյո՞ք շնային… Ոչ…
"Сейчас Шариков проявляет уже только остатки собачьего, и поймите, что коты – это лучшее из всего, что он делает. Сообразите, что весь ужас в том, что у него уж не собачье, а именно человеческое сердце. И самое паршивое из всех, которые существуют в природе!"
Դրանք թափանցում են ամենուր, նրանք նախագահի կողքին են հայտնվում, դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին են հայտնվում, դրանք… ի դեպ՝ Րաֆիի Հովհաննիսյանի մասին։ Մոդա է դարձել զանգել ու հարցնել՝ «Պարոն Սահակյան, ի՞նչ կարծիքի եք Րաֆիի մասին, ի՞նչ մարդ է նա ձեզ համար»։ Պատասխանում եմ՝ «Տղա ջան, նախ Րաֆֆի Հովհաննիսյանը քո փոքր ախպերը չի, որ ասես ուղղակի Րաֆֆի, եթե մարդ հարգել չգիտեք, գոնե տարիքը հարգեք, ես իավունք ունեմ կատակելու կամ սրամտելու թե նրա եւ թե մեկ ուրիշ գործիչի մասին, նրանք դրա պահանջը ունեն, իսկ այդ իրավունքը ես ձեռք եմ բերել երկար տարիների ընթացքում, էդ մեկ, իսկ երկրորդ՝ ես ի՞նչ իմանամ ինչպիսի մարդ է նա, գիտեմ, որ թատերասեր է, նա ինձ համար եղել է հանդիսատես, եկել է բոլոր ներկայացումներին, իսկ հանդիսատեսը լավն ու վատը չի լինում, բավարարված ե՞ս»։ Գիտեք, չէ՞, թե ինչ կանի բոսյակը, կգնա-կգրի՝ «Վահրամ Սահակյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թատրոն է խաղում»։ Ու հանրահավաքին կանգնած մարդը կմտածի՝ «Վայ Վահրամ Սահակյան, դու էլ ծախվեցիր, հա՞»։
Բա։
Ու տարիներ շարունակ իր կիսաքանդ վարձած տան մատրասի վրա քնող ծախված Վահրամ Սահակյանն էլ արդեն կհայտարարի՝ «ԵԹԵ ԷՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐԵՎԵ ՄԵԿԸ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱ ՈՐԵՎԵ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ «ԴԱՎԱՃԱՆ», «ԾԱԽՎԱԾ» ԿԱՄ ՈՐԵՎԵ ՆՄԱՆ ԶԶՎԱՀԱՐՈՒՅՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՐԵՄՆ ԹՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՏՂԵՐՔԸ ՆՐԱ ՄՈՐԸ Ք…ՆԵՆ»
Ժեգլովի ասած՝ На этот раз рассердили вы меня всерьез!
Ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանին 10 էջանոց նամակ եմ ուղակել (ես չեմ գրել ԲԱՑ ՆԱՄԱԿ, ես գրել եմ իմ երկրում ապրող, համարյա իմ տարիքի ազգասեր ու ողջամիտ մարդու)… նամակ, որտեղ ողջունելով մեր հանրապետութան բնակչության արդար պայքարը՝ հիմնականում խնդրել եմ ամեն կերպ զերծ մնալ խառնակիչներից, նրանց տեղ չտալ, որ խոսեն մարդկանց առաջ, որ հանկարծ ատելություն ու թշնամություն չստեղծվի քաղաքացիների միջեւ… Որ շարժումը չդառնա դասակարգային, որ հեռու լինենք բոլշեւիզմից… Որ ստորախավ մարդիկ իրենց լավ չզգան Բուլգակովյան Շարիկովի պես, դա վտանգավոր է… Որ հանկարծ շարժման մեջ ներթափանցած ինչ-որ ելուզակներ իրենց ամբոխահաճո ելույթներով՝ ժողովրդին չսարքեն ամբոխ, որովհեիեւ ամբոխը թուրքից վատ բան է։ Ու ես հուսով եմ, որ նրան օգուտ եմ տվել, իմ կարեցածին չափով, ես հռետոր չեմ, ես չեմ կարող հարթակից դիմել մարդկանց, որովհետեւ իմ տեղը բեմն է՝ իմ գրած պիեսներով։
ՈՒ ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ՏԵՂՆ ԻՄԱՆԱ։
Հայկական շնային սրտի մասին. Վահրամ Սահակյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet