ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրել՝ Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին՝ առանց ԱԳՆ-ին տեղյակ պահելու։ Դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել է, որ տարածքների հանձնման մասին իմացել է պոստ ֆակտում, իսկ ստորագրված փաստաթղթին այդպես էլ չի ծանոթացել, քանի որ մինչեւ իր պաշտոնավարման ավարտն այն այդպես էլ չի ուղարկվել ԱԳՆ։
«Ազատությունը» հրապարակել է հարցազրույցից մի հատված
«Ազատություն»- Պարո՛ն Այվազյան, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։
Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։
Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։
«Ազատություն» - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։
Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։
«Ազատություն» - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։
Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ։