Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչել են հակահայկական հայտարարություններ՝ «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին»: Դրանք մասնավորապես հնչեցրել է Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին:
Տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:
Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չի ընդունվել. Բարբարոս Լեյլանին ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից, ավելին՝ առաջիկայում էլ պատասխան է տալու դատարանում իր հակահայկական ու ռասիստական կոչի համար: Հավանաբար, նա մոռացել էր, որ Շվեդիայի սահմանադրությամբ ազգայնական, ռասիստական կոչերն ու գործունեությունը ոչ միայն արգելված են, այլև՝ քրեորեն պատժելի:
Ուշագրավն այն է, որ շվեդական հեռուստատեսության եթերում Բարբարոս Լեյլանին կատարվածի համար աղիողորմ արտասվել է: