«Ադրբեջանում և՛ հասարակական, և՛ քաղաքական մակարդակներում համակրանքը Թուրքիայի կողմն է, սակայն Ադրբեջանը երբեք չի մոռանում ռուսական գործոնի մասին: Չեմ կարծում, որ Ադրբեջանում կցանկանան որևէ ձևով պրոթուրքական ուղղվածություն ցույց տալ, որովհետև Թուրքիան, այո, բարեկամ է, բայց մի քիչ ավելի հեռու է, քան Ռուսաստանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան լարվածության սրման մասին՝ քաղաքագետը նշեց, որ կարծում է՝ Ադրբեջանը չի կորցնի իրատեսության վերջին եզրերը. «Ռուսաստանը դա, բնականաբար, կընկալի Թուրքիայի կողմից որպես երկրորդ ճակատ բացելու վտանգ: Սա Բաքվի համար չափազանց վտանգավոր խաղ կլինի, չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը կգնա դրան»:
Հարցին, թե ռուս-թուրքական լարված հարաբերությունների դեպքում ի՞նչ քայլերի պետք է դիմի Հայաստանը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Տարօրինակն այն է, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան լավ հարաբերություններ ունեին, ՀՀ-ում վախենում էին, հիմա երբ հարաբերությունները վատ են՝ էլի վախենում են: Հայաստանը պետք է փորձի աշխատել և՛ արևմտյան իր գործընկերների, և՛ Ռուսաստանի հետ, պետք է փորձի կանխել Թուրքիայի ռազմաքաղաքական գործունեությունը Հարավային Կովկասում»:
Անի Կարապետյան