▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տարածված վարակը կարող է մահացու լինել. ռիսկային գոտում են մինչև 5 տարեկան երեխաները

 

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Asekose.am-ը զրուցել է  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել 

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:  

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը:  Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:

Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները

Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է: Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:  

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան  մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են:  Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար:  Այս դեղը հակացումցումներ չունի:  Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը  տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:  

Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում: Հայաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում:  Լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երևանում: Հիմա մեր անհանգստության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս հիվանդությունը լայնորեն տարածվել է, գրանցվել է հիվանդության 7 դեպք, ինչն արդեն մեծ ցուցանիշ է:

Շատ ծնողներ վստահ են, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մլակները, որոնք ակտիվանում են հատկապես գարնանն ու ամռանը, ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ: Դրանք հանդիպում են այն տարածքներում, որտեղ աղբի կույտեր կան, որտեղ ջուրը չի հոսում: Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով: Շատ ծնողներ անտեսում են վերոնշյալ նախազգուշական միջոցները` վստահ լինելով, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее