Armtimes.com-ը գրում է. Հայաստանը ևս 2 օր կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. ուրբաթ օրվա համեմատ օդի ջերմաստիճանը մեր երկրում արդեն իսկ 5-6 աստիճանով բարձրացել է եւ բարձրացումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը ներառյալ: Դրա հետ մեկտեղ մինչեւ ամսի 27-ը չեն սպասվում տեղումներ: Այս մասին կայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդերեւութաբանը հիշեցրել է, որ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, օդի ջերմաստիճանը նվազել էր 9-10 աստիճանով՝ պայմանավորված Սկանդինավիայի շրջաններից մեր երկրին մոտեցած ցուրտ օդային հոսանքներով: Հենց այդ օրերին էլ մեր երկրում գրանցվեցին այս աշնան առաջին բացասական ջերմաստիճանները:
«2 օր է արդեն լեռնային շրջաններում՝ գրեթե բոլոր բնակավայրերում ջերմաստիճանը գիշերը -2-4 աստիճան է»,- ընդգծել է Սուրենյանը:
Խոսելով ջերմաստիճանի բարձրանալու հնարավորության մասին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասել է, որ առավելագույն ջերմաստիճանները կգրանցվեն վաղը, երբ մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +24 աստիճանի:
Սեպտեմբերի 28-ին, սակայն, Սեւ ծովի շրջաններից նոր ցիկլոն կտեղափոխվի մեր երկրի տարածք. օդերեւութաբանի գնահատմամբ՝ նախորդի հետ համեմատած այն բավականին թույլ է եւ առանձնապես լուրջ պրոցես չի հարուցի, ուստի ջերմաստիճանի լուրջ անկում կամ ինտենսիվ տեղումներ չեն սպասվում:
Պարզապես, ամսի 28-ին հատկապես ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ եւ օդի ջերմաստիճանն այդ օրը ցերեկը կնվազի մոտ 3-4 աստիճանով եւ Երեւանում չի գերազանցի +20 աստիճանը»,- նշել է Գագիկ Սուրենյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում