Հայաստանի ղեկավարությունը «մտացածին պատրվակներով» տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում:
Այս մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
«Արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր առմամբ զրպարտությամբ։
Երեւանում չեն նշում, որ ՀԱՊԿ-ն էր, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել երկիր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար, նշել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ այս առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և երկրում ԵՄ նմանատիպ առաքելություն հրավիրեց։
Այն հետագայում կրկնապատկվեց, և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության, հավելել է Լավրովը։
«Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։