armtimes.com-ը գրելով, որ ռուսական Царьград հեռուստաընկերության Директива Дугина հաղորդման հեղինակ, փիլիսոփա ներկայացող Ալեքսանդր Դուգինը անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպմանը, նշում է, որ դրա ֆոնին Դուգինը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
Ըստ փիլիսոփա Դուգինի, Հայաստանը, լինելով մահմեդականներով շրջապատված քրիստոնեական երկիր՝ գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո:
«Ռուսաստանը, որպես համաշխարհային քրիստոնեական տերություն, ավանդաբար հայերին դիտարկում է որպես իր պաշտպանության տակ գտնվողների: Առանց Ռուսաստանի ոչ ոք հայ ժողովրդին, որպես քրիստոնեական հասարակության, անվտանգության եւ նույնիսկ գոյության երաշխիքներ չի կարող տալ»,- կարծում է Դուգինը:
Ըստ նրա, սակայն, սա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան պետք է միշտ հետեւի Երեւանին, այլ հակառակը՝ փոքրը պետք է հարմարվի մեծի վարած քաղաքականությանը:
Դուգինի խոսքով՝ ինչքան էլ սերտ լինեն հայ-ռուսական հարաբերությունները, դրանք չպետք է ազդեն Մոսկվա-Բաքու կամ Մոսկվա-Անկարա առանցքների վրա: Ըստ փիլիսոփայի, Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, չունի աշխարհքաղաքական նկրտումներ, ուստի պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունը ադրբեջանցիների նկատմամբ, որոնք «ռուսների եղբայրներն են, ռուսական աշխարհի մի մասը»: Դուգինի խոսքով, Ռուսաստանի բարեկամությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բնական է, իսկ Հայաստանում կան ամերիկամետ ուժեր, որոնք փորձում են այդ հողի վրա ատելություն սերմանել Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսական հեռուստաընկերության վերլուծաբանի կարծիքով, «դա «զուգահեռ պետության» ձեռքի գործն է, որը Թուրքիային վերջրես փորձել է հեղաշրջում գործել», իսկ, ըստ Դուգինի, բոլոր հեղաշրջումները եւ «գունավոր հեղափոխությունները» նախագծվում են Վաշինգտոնում: Փիլիսոփայի խոսքով, սակայն, Հայաստանի «պատասխանատու քաղաքական» գործիչները պետք է ավելի մասշտաբային մտածեն եւ համաձայնվեն Ղարաբաղյան կարգավորման «Լավրովի պլանին»: Ըստ Դուգինի, Հայաստանը, այդպիով, պետք է Ադրբեջանին հանձնի «հինգ շրջանները»՝ չպահանջելով դրա դիմաց «չափից դուրս բարձր եւ անիրական գին»: Որպես գլխավոր գին, սակայն, փիլիսոփան համարում է Ռուսաստանի կողմից հայերի անվտանգության եւ կյանքի երաշխավորումն է:
Դուգինը իր հաղորդման մեջ ասում է նաեւ, որ եթե հայերը իրենց ռուս եղբայրներին փոխեն «ամերիկացի տերերի հետ», ապա դա ինքնասպանություն կլինի նրանց համար:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում