2013 թվականի հունիսի 14-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը կազմակերպեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների այցելություն Թբիլիսիի Սինագոգա և մզկիթ: Այցի նպատակն էր Վրաստանի հայ երիտասարդությանը ծանոթացնել այնպիսի միաստված կրոնների պատմության և ավանդույթների հետ, ինչպիսիք են հուդդայականությունը և իսլամը: Երիտասարդներին ուղեկցում էին «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը, Վիրահայոց թեմի Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը և «Հայարտուն» կենտրոնի տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը:
Սինագոգում հայ երիտասարդներին դիմավորեց եբրայական համայնքի ռաբին Ավիմելեխ Ռոզենբլատը, ով ներկայացրեց Սինագոգի ճարտարապետությունը և ներքին կահավորությունը: Այնուհետև կայացավ զրույց հրեա ժողովրդի կրոնի, ավադույթների և սովորությունների մասին:
Սինագոգա այցելությունից հետո երիտասարդները եղան հայկական Նորաշեն տաճարում, որը գտնվում է Սինագոգից ոչ հեռու: Հարկ է նշել, որ արդեն սկսվել են վթարային վիճակում գտնվող տվյալ հայոց տաճարի վերականգնման նախապատրաստական աշխատանքները:
Օրվա երկրորդ կեսին հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները այցելեցին մզկիթ, որտեղ նրանց դիմավորեց Համայն Վրաստանի շեյխ Վագիֆ Ակպերովը: Շեյխ Վագիֆը հայ երիտասարդներին ծանոթացրեց մուսուլման-շիիթների պատմությանը և ավադույթներին, խոսեց Թբիլիսիի իսլամական համայնքի պատմության, ինչպես նաև մզկիթի ճարտարապետության և ներքին կահավորության մասին:
Ֆոտոնյութն ամբողջությամբ հասանելի է այս հասցեով
Վիրահայոց Թեմի մամլո դիվան