Wnews.am-ը գրում է.
Կայքն այս անգամ ներկայացնում է ֆրանսիաբնակ հայ հայտնի դիզայներ Դիդիե Փարաքյանին։
Դիդիե Փարաքյանը բնակվում է Մարսելում։ Նա զբաղեցնում է Մարսելի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահն է, Տուզլայի բարձրագույն տնտեսական դպրոցի շրջանավարտը։
1989թ. Մարժորիի հետ հիմնադրել է «Դիդիե Փարաքյան» կանանց հագուստի արտադրության նորաձեւության տունը, 1995-ին հիմնել է «Carlopik» ապրանքանիշը, իսկ հետագայում «DP jeans» անվան ներքո երիտասարդության համար նախատեսված արտադրությունը, 2008ից զգեստներ է արտադրում գեր մարդկանց համար։ Հատուկ այդ նպատակով ստեղվել է «Anatea by Parakian» բրենդը։
Փարաքյանը խոստովանում է, որ աշխարհի նորաձեւության մայրաքաղաքում իր ապրանքանիշը ստեղծելով չի վախեցել իր հայկական ծագումից։ «Ես հպարտ եմ իմ ազգանունով եւ ցանկացա Դիդիե Փարաքյան» ապրանքանիշի մեկնարկը տալ հենց սկզբից։ Հայերը սիրված են ամբողջ աշխարհում, իմ հաջողությունն այն էր, որ ես վեր հանեցի նորաձեւության իմ ոգեշնչումները իմ իսկ հայկական, միեւնույն ժամանակ միջերկրածովյան արմատներից, քանի որ ապրում եմ Մարսելում»,- ասում է աշխարհահռչակ մոդելավորողը։
Սկզբում Փարաքյանի հավաքածուները շատ գունեղ էին, ներշնչված էին Հայաստանով։ Մոդելավորողը հայկական գորգերով ստեղծում էր հայկական պատկերներ, դրանք տեղադրում հագուստի վրա եւ դա հաջողություն էր ունենում ամբողջ աշխարհում։
«Հայի ազգանուն կրելն առավելություն է, դա ուժ է, ես դրանով հպարտանում եմ»,- ասում է մոդելավորողը։
Փարաքյանի հագուստների բրենդները ներկայացված են աշխարհի տասնյակ երկրներում։ Առաջին բուտիկը բացվել է Կաննում, որից հետո Փարիզում, Մարսելում, Բեյրութում, Թունիսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում։
Փարաքյանը պատմում է, որ նորաձեւության ասպարեզում իրեն ոգեշնչել է նորաձեւության հայ արքա Ալեն Մանուկյանը. «Շատ աշխատանք, շատ հաջողություն եւ մի քիչ շանս»,- հաջողության իր բանաձեւն է Փարաքյանին ներկայացրել Ալեն Մանուկյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում