Hayeli.am-ը գրում է.
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը ստեղծել է մնայուն բեմական արժեքներ ու հայ երգարվեստին համաշխարհային ճանաչում բերել, վերջին տարիներին ասպատակվել է մշակույթի ոլորտը ղեկավարողների ու այդ ոլորտը ստվերային կառավարողների կողմից: Այստեղ հաճախ են ինտրիգներ հյուսվում, ղեկավար պաշտոններում նշանակվում անձինք, որոնք աչքի են ընկնում ոչ այնքան ունեցած տաղանդի, այլեւ ղեկավար օղակների հետ կապերի շնորհիվ: Ընդամենը երկու տարի առաջ դասական արվեստի այս ճանաչված կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց մի անձնավորությունը, որին հայ մշակութային հանրույթը բոլորովին անծանոթ էր: Հասմիկ Պողոսյանի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը: Արզումանյանը լրագրողներին դրանից երկու շաբաթ առաջ ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ դիվանագետ է, արաբագետ: Վերջին տասը տարիներին Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավարն էր: Ու թեպետ մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցել էին երեք թեկնածուներ` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը. Հայպետֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և մեր հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը, այդուհանդերձ տիկին նախարարը նախապատվությունը տվեց վերջինին, քանի որ վերեւից այդպես էր եկել հրահանգը: Մենք ծավալուն հրապարակում ենք ներկայացրել, թե մշակույթի ոլորտում ինչպիսի ազդեցություն ունի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան , ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը: Հենց նա է ամբողջովին համակարգում ոլորտը, որոշում թե ով որ պաշտոնում պետք է նշանակվի, Անդրանիկ Արզումանյանին էլ նա է ասպարեզ բերել: Տառացիորեն նույն սկզբունքով է որոշվել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը: Ամիսներ առաջ Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո այդ պաշտոնը թափուր էր մինչեւ հունիս: Հունիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Կոնստանտին Գարիի Օրբելյանը դիրիժոր է, կոմպոզիտոր Օրբելյանի եղբոր որդին: Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ապրել Ռուսաստանում, որտեղից էլ, բնականաբար, Սմբատյանը նրան կանչել է դառնալու գեղարվեստական ղեկավար: Նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գա Հայաստան, բնակվի այստեղ ու ղեկավարի կարեւորագույն այս պաշտոնը: Սակայն մեզ հայտնի է դարձել, որ այս մարդը թատրոն է ոտք դրել, հավաստիացրել, որ ամեն ինչ հիասքանչ ու հրաշալի է ու հորդորել, որ այս տարի իր վրա հույս չդնեն, քանի որ հույժ կարեւոր գործեր ունի Մոսկվայում եւ Հայաստան կգա միայն հաջորդ տարի: Հունիսից հետո նա ընդամենը երկու անգամ է Հայաստան եկել, մեկ անգամը նա հրավիրված է եղել հարսանիքի: Մինչդեռ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում նա բավականին բարձր աշխատավարձ ու ահռելի հոնորար է ստանում: Ի դեպ, այս պաշտոնում շրջանառվում էր նաեւ օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, նա էլ կարծես դեմ չի եղել կրելու ոլորտի առողջացման ու նորացման բեռը , սակայն տիկին արդեն նախկին նախարարուհին հայտարարել է, որ քանի որ ուրիշ մարդու է խոստացել՝ ի դեմ Օրբելյանի, ուստի չի կաող այդ պաշտոնը տալ ուրիշի:
Ահա, այսպիսի հիմնավոր բացատրություն, գրողի ծոցն անցնի այս կառույցի ճակատագիրն էլ, վաստակաշատներին հայրենիքից վանելու եւ էլի նման <<մանր>> հարցեր:
Մենք գրել ենք արդեն, որ Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը ապագայում մեծ ծրագիր ունեն: Սմբատյանը փորձելու է Հասմիկ Պողոսյանին նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հետո դրան միացնել նաեւ Ֆիլհարմոնիկը, Սմբատյանը հույս ունի որդուն՝ Սերգեյ Սմբատյանին դարձնել միավորված կառույցների գլխավոր դիրիժոր:Նա այժմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է:
Անի Սահակյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում