▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուստները, պաշտոնյաներն ու նրանց կանայք ստիպված կլինեն շփվել իրական արվեստի հետ

ԼաԳալլերիա Լյուքսային հագուստի խանութ-սրահները Անտիկյան Գալլերի ցուցասրահի հետ համատեղ երեկ հանրությանը ներկայացրին «Կինը որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված էին ժամանակակից մեկ օտարերկրացի  և 6 հայազգի  արվեստագետների աշխատանքներ:

Միջոցառմանը ներկա էին  նաև մի շարք կին քաղաքական գործիչներ, պաշտոնյաների կանայք, ովքեր, գաղտնիք չէ, որ ԼաԳալլերիայի և Երևանում գործող լյուքսային մյուս խանութների հիմնական հաճախորդներն են: Այնպես որ՝ նրանք  ստիպված կլինեն շփվել իրական արվեստի հետ կամ ինչպես ասում են՝ Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարը կգնա Մուհամեդի մոտ...

Անտիկյան  ցուցասրահի հիմնադիր տնօրեն Արմինե Անտիկյանն Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում փաստեց, որ  ԼաԳալլերիա Լյուքսային հագուստի խանութի հետ իրենց համագործակցությունն  արդեն որոշակի պատմություն ունի, քանի որ ԼաԳալլերիան առաջին անգամը չէ, որ իր սրահներում ներկայացնում է ժամանակակից հայ արվեստը:

«Կարծում եմ, որ հետաքրքիր նախաձեռնություն է, ոչ ստանդարտ,  քանի որ լյուսքսային խանութներում ներկայացվում է ժամանակակից արվեստ: Այս անգամ արվեստագետներին համախմբել է կանանց միամսյակը: Որոշեցինք համատեղ ներկայացնել կնոջը՝ որպես հավերժական ոգեշնչման աղբյուր և՛ նորաձևության համար, և՛ արվեստի: Սա արվեստագետների համար կնոջը մեծարելու հերթական առիթ է: Այս անգամ փորձել ենք ընտրել հենց այն հեղինակներին, ովքեր աշխատում են կնոջ կերպարի հետ, ովքեր կփորձեն ցույց տալ ինչպես մեծարել ու սիրել կնոջը, ցույց կտան, թե ինչու կինը դարեր շարունակ չի դադարում լինել ոգեշնչման աղբյուր արվեստագետների համար»,- նշեց Արմինե Անտիկյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Ալեքյանը, ով ցուցադրությանը ներկայացրել էր իր աշխատանքներից 4-ը, ողջունեց նախաձեռնության հեղինակներին՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի. «Սա հրաշալի հնարավորություն է տեսնելու նորաձևությունն  ու ժամանակակից արվեստը՝ մեկ հարկի տակ»:

Երևակայական հագուստների ու պատմություններ նկարիչ-քանդակագործ Արշակ Սարգսյանը, ով միջոցառման մասնակից արվեստագետներից ամենաերիտասարդն էր, ցուցադրությանը ներկայացրել էր իր քանդակներից 10-ը:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում  Արշակը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում նման ցուցադրության:

«Սա արվեստի և նորաձության հրաշալի զուգակցում է: Մարդիկ կարող են զգեստներ գնելիս ուշադրություն դարձնել նաև արվեստի այն  գործերին, որոնք ներկայացված են Լա Գալլերիա խանութ-սրահներում: Թեև ասելիքս առհասդարակ ժամանակից մարդու մասին է, սակայն այս դեպքում գործերս նվիրված են կնոջը: Ինձ համար կինը միշտ հերոս է, բոլոր իրավունքների պաշտպանը, նրա դերն ու նշանակությունը մեր կյանքում անվիճելի է»:

Թենի Վարդանյան, Սարգիս Համալբաշյանի, Արշակ Սարգսյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Մարինա Դիլանյանի, Բրունո Բրունիի ստեղծագործությունները  մինչև ապրլի 7-ը ներկայացված կլինեն  ԼաԳալլերիա Լյուքսային հագուստի խանութ-սրահներում: Հավելենք, որ ցուցադրությունը բաց է և անվճար: 

 

Լուսանկարում՝ Անտիկյան ցուցասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը

Լուսանկարներում՝ ներկայացված գործերից մի քանիսը

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее