Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա բանդիտական հարձակում է տեղի ունեցել
Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակում է տեղի ունեցել «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում , հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ»,–գրել է նա։
***
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միհրան Հակոբյանի վրա հարձակվել են օրը ցերեկով «Դալմա մոլի» հետևի ավտոկայանատեղիի մոտերքում, որը բավականին աշխույժ տեղ է, բազում տեսախցիկներով։
Այսինքն՝ ցուցադրական է հարձակումը։
Միհրանը հիմա հետազոտման է հիվանդանոցում։ Խոսել եմ 5 րոպե առաջ, ասացին, որ ոստիկանությունից մարդ դեռ չի եկել։ Նման դեպքերում ոստիկանները սովորաբար շատ արագ են հասնում, «Իզմիրլյան» կենտրոնն էլ, ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից 15 րոպեի քայլելու ճանապարհ է»։
***
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քաղաքական բեսպրեդել.
Բա ասում էիք՝ ՔՊ-ի օրոք մարդկանց դալաններում չեն ծեծում. փաստորեն ծեծում են ավտոկայանատեղիում, օրը ցերեկով, դիմակավորված»:
***
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։
Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։
Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։
Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկիլական Հայաստանում։
Սա դատապարտելի ու զզվելի ակտ է։
Կրկնակի դատապարտելի է դեպի Եվրոպա ձգտող «քաղքական» շրջանակների ու «իրավապաշտպանների» քար լռությունը»։
***
ԲԿ-ի բակում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին, փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ոստիկանությունից էին ժամանել, գործողություններ էին կատարում: Միհրանը դեռ զննության փուլում է, որոշակի վնասվածքներ ունի դեմքի հատվածում: Առնվազն երեքն են եղել՝ դիմակներով ու հարվածներ են հասցրել, որի մասին արդեն գրել էի»: Հարցին՝ տեղեկություններ կան, որ Միհրան Հակոբյանը նկատել է, որ մի քանի օր իրեն հետևում են, այդպե՞ս է, ասաց. «Այդպիսի տեղեկություն ես էլ եմ ստացել, բայց դա ոչ պրոֆեսիոնալ տեղեկություն է, ընդամենը կարող եմ կիսվել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet