▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնում ենք հողերը, մտնում Ադրբեջանի կազմ... Դավիթ Բաբայան

armtimes.com-ը գրում է. «Ղարաբաղը բոլոր հողերը հետ է տալիս Ադրբեջանին, Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ որպես ինքնավար մարզ, «Տատիկն ու Պապիկը» ներկում ենք ադրբեջանական դրոշի գույներով». ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն, եւ սկզբում պետք է ազատվեն 5 շրջանները, հետո եւս 2 շրջան:

Դավիթ Բաբայանին խնդրեցինք նաեւ ավելի լուրջ արձագանքել Մամեդովի հայտարարությանը: Մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ձեռք են բերել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն: Նշվում է, որ սկզբում պետք է ազատվեն 5 շրջանները, հետո եւս 2 շրջան: Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքն ինչպիսի՞ն է այս հայտարարության հետ կապված:

- Կարծում եմ Մամեդովը չի բացել բոլոր փակագծերը. մենք տալիս ենք բոլոր հողերը հետ, Արցախը արդեն համաձայնվել է, մտնում է Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ, «Տատիկն ու Պապիկը» մենք ներկում ենք ադրբեջանական դրոշի գույներով, Ստեփանակերտում արդեն սկսվել է Հեյդար Ալիեւի, Իլհամ Ալիեւի եւ իրենց ընտանիքի անդամների արձանների տեղադրումը, եւս 45 արձան կտեղադրենք տարբեր շրջկենտրոններում եւ գյուղերում եւ այլն: Մամեդովն այս ամենը ուղղակի չի ասել, որպեսզի ադրբեջանցի ժողովրդի մի մասը ուրախությունից չվատանա: Դրա համար ինքը շատ նուրբ ու շատ քիչ բաղադրամասեր է բացել, իսկ ես բացում եմ էդ մնացածը: Հենց այդպես էլ կա, ինչպես ես ասացի: Մոռացա նշել, որ շուտով մենք փոխելու ենք մեր անունները, ազգանունները, անձնագրերը, Ստեփանակերտը վերանվանվում է Խանքենդի, կամ ավելի շուտ Ալիեւաամիրխանաբադ: Այսինքն գործընթացը սկսվել է, ամեն ինչ նորմալ գնում է առաջ:

- Պարոն Բաբայան, իսկ եթե մի փոքր ավելի լո՞ւրջ: Դուք վստահաբար տիրապետում եք Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվության: Այնտեղ իրականում խոսք չի՞ գնացել փուլային տարբերակի, շրջաններ հանձնելու մասին:

- Իհարկե դա չի համապատասխանում իրականությանը, բայց քանի որ արդեն այնքան է խոսվել, «շլյագեր» է դարձել, մուղամի «շլյագեր»: Ամեն անգամ նորից իրենք երգում են, մենք հերքում ենք, արդեն ծիծաղելի է դառնում: Իհարկե, նման բան չի կարող տեղի ունենալ:

- Կարո՞ղ եք պնդել, որ Սանկտ Պետերբուրգում փուլային տարբերակի հարց չի քննարկվել:

- Այդ քաղաքական հարցերը քառօրյա պատերամզից հետո այնքան են հետ ընկել: Հիմա ամենակարեւորը մեխանիզմների վրա աշխատելն է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: Ի՞նչ փուլային, ի՞նչ փաթեթային: Մենք միշտ ասել ենք, որ կողմնակից ենք փաթեթային տարբերակին: Բայց եթե Ադրբեջանի համար դա կյանքի ու մահվան խնդիր է եւ խաղաղ գործընթացը միայն փուլային ձեւով պետք է կարգավորվի, ապա մենք պատրաստ ենք, բայց մի պայմանով. առաջին փուլում Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը: Մնացած հարցերը հետո կքննարկենք:

- Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը քննարկել է այդ տարբերակը, բայց դուք դեռ տեղյակ չեք:

- Չէ, չեմ կարծում: Նա քննարկել է միայն տեխնիկական խնդիրներ: Պետք է լուրջ լինենք եւ ամեն մի հայտարարությանը չհավատանք, առավելեւս դա չդարձնենք դրոշակ ու սկսենք շահարկումներ անել: Սանկտ Պետերբուրգում որոշվել է մեծացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվը, պետք է հետեւել, որ դա արվի:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее