▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեղ ուտելիքներ, հետաքրքիր ճանապարհորդություններ… Ինչպես Աննա Մազմանյանը հոբբին դարձրեց աշխատանք

 

 

 

 

 

 

 

 

Ռուսաստանաբնակ Աննա Մազմանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն 2011 թ.-ից հանդես է գալիս որպես food blogger (ֆուդ բլոգեր):

«Ֆուդ բլոգինգն ինձ համար սկզբնական շրջանում հոբբի էր: Առհասարակ, հաճախ եմ ճանապարհորդել, և ինձ միշտ շատ են հետաքրքրել տարբեր երկրների խոհանոցները, ռեստորանները և հյուրանոցները: Այդ ամենից ելնելով էլ՝ մի օր հասկացա, որ ցանկանում եմ տպավորություններովս կիսվել մարդկանց հետ: Ընդհանուր առմամբ, բլոգերները մարդիկ են, ովքեր գրում են այն ամենի մասին, ինչ-որ ցանկանում են: Հիմա, երբ արդեն որևէ երկիր եմ մեկնում, փորձում եմ գտնել լավ խոհարար, մասնակցնում եմ դասընթացների, որպեսզի նոր գիտելիքներ ստանամ»,-Asekose.am-ին ասաց Աննա Մազմանյանը:

Նա նշեց, թե որն է իր աշխատանքի հիմնական նպատակը.

«Ինձ շատ է դուր գալիս այս ոլորտը, սիրում եմ կիսվել մարդկանց հետ իմ տպավորություններով, ինչպես նաև ուզում եմ, որ մարդիկ որևէ երկիր մեկնելիս ճիշտ և լավ սնվեն, հնարավորություն ունենան իմ միջոցով բացահայտելու հետաքրքիր ընտանեկան վայրեր: Իմ բլոգն շատերի համար դարձել է խորհրդատվական աղբյուր, քանի որ, երբ դու որևէ ոլորտում ունենում ես որոշակի գիտելիքներ, արդեն կարող ես օգտակար լինել: Ինձ դիմում նաև այն հարցերով, թե որքանով են վայրը և սնունդը միմյանց համապատասխանում, որպեսզի ամեն բան ավելի նոր, հետաքրքիր և կրեատիվ լինի»:

Աննա Մազմանյանը բազմաթիվ երկրներում է եղել, սակայն իրեն հատկապես զարմացրել է Հնդկաստանի սննդի մշակույթը, քանի որ այն իր համար իսկապես նորություն էր: Բլոգերի խոսքով` որքան էլ որ սպասելի է, սակայն չի կարող չառանձնացնել նաև իտալական խոհանոցը, որտեղ կերել է, իր կարծիքով, ամենահամեղ պիցցան և պաստան: Մեզ հետ զրույցում Աննան խոսեց նաև հայկական խոհանոցային և ռեստորանային մշակույթի մասին:

«Որակը համը չէ, քանի որ մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, միևնույն սնունդը կարող է տարբեր կարծիքներ առաջ բերել: Կան սննդի բաղադրիչներ, որոնք միմյանց հետ համատեղելի չեն, միգուցե երևակայությունդ քեզ թույլ է տալիս դրանք միքսել, սակայն ոլորտից գիտելիքներ ունենալու դեպքում դա չես կարող անել: Ես արդեն չորս տարի է, ինչ Երևանում ակտիվ սնվում եմ (ժպտում է), կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել դեպի լավը: Գիտելիքների բացակայությունն էլ ժամանակի խնդիր է ընդամենը, դու չես կարող մեղադրել մարդկանց, քանի որ Հայաստանը շատ փակ երկիր է, շատ քիչ մարդ է այստեղ գալիս և հակառակը` այստեղից մեկնում: Որպես գլխավոր թերություն՝ կնշեմ մեր ինքնավստահությունը, քանի որ մենք սիրում ենք մտածել, որ ամենալավն ենք, ինչը զարգանալու հնարավորություն չի տալիս»:

Ռուսաստանաբնակ ֆուդ բլոգերը զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այս օրերին Երևանում էր, քանի որ այստեղ անցկացրել են «Հարթակ» փառատոնը, որում  հանդես էր գալիս որպես սննդի բաժնի համակազմակերպիչ:

«Արդեն երկրորդ անգամն է, ինչ մենք համախմբում ենք Երևանի շատ հետաքրքիր ռեստորանների խոհարարներին և կազմակերպում ենք սննդի տոն` ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Երևանում էի նաև սոցիալական մի քանի ծրագրերի նպատակով, որոնք կրկին կապ ունեն սննդի հետ. խոսքը` Տավուշի մարզի ագարակատերերին է առնչվում»:

Հավելենք, որ Աննա Մազմանյանը շուտով պատրաստվում է կրկին մեկնել Ռուսաստան, սակայն չի բացառում նոր ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա, իսկ նախքան Հայաստան գալը Հունգարիայում էր, որտեղ մասնակցում էր խոհարարների շրջանում անցկացվող ամենահեղինակավոր «Золотой бокюз» մրցանակաբաշխությանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее