▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերողը» հորդորում է չխանգարել իր պաշտպանների աշխատանքին

«Հետքը» հրապարակել է «Հաց բերողի» հայտարարությունը

«Հարգելի ընկերներ, բարեկամներ…

Ցավով տեղեկացա իմ պաշտպանության հարցի վերաբերյալ վերջին շրջանում բարձրացված աղմուկի մասին և այդ ամենին իմ ընտանիքի անդամների ներգրավման մասին:

Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված և անհանգստացած են ինձ համար և իմ գործով և փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել: Սակայն մի բան պետք է հստակեցվի: Իմ պաշտպանությունը իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակը ինձ մոտ կասկած չի առաջացնում:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգնել ինձ և օժանդակել իմ գործին, նախ և առաջ խնդրում եմ բոլոր մտահոգությունները և հարցերը քննարկել և համաձայնեցնել իմ պաշտպանների հետ գործին չվնասելու նպատակով, քանի որ իմ պաշտպանների ձեռնարկած գործողությունները համաձայնեցված են ինձ հետ: Խնդրում եմ առանց վերջիններիս հետ համաձայնեցնելու չձեռնարկել որևէ գործողություն, քանի որ դա կարող է լրջորեն վնասել իմ պաշտպանությանը և դրա շրջանակներում ըստ անհրաժեշտության ընտրվող և իրականացվող մարտավարությանը:

Ինչ վերաբերում է իմ ազգականներին, ապա հաշվի առնելով այն, որ պաշտպանների գործողությունները համաձայնեցված են ինձ հետ, ձեզ ևս խնդրում եմ բոլոր հարցերը և գործողությունները համաձայնեցնել պաշտպաններիս հետ գործին չվնասելու նպատակով: Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվում ինչ-որ ժամանակահատվածում կապվել նրանց հետ, դա չի նշանակում, որ թույլատրելի է առանց նրանց հետ համաձայնեցնելու որևէ գործողության դիմել, դա հակասում է իմ շահերին և ցանկությանը:

Ինչ վերաբերում է «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամին, ապա համոզված լինելով, որ դրա ներկայացուցիչների գործողությունների նպատակը ինձ վերաբերող հարցում ևս իմ առողջական և իրավական շահերով ազնիվ մտահոգությունն է, խնդրում եմ հետայսու ձեռնպահ մնալ նմանօրինակ նախաձեռնություններից, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են իմ շահերին և պահանջում եմ, որպեսզի ձեր բոլոր գործողությունները համաձայնեցվեն իմ և իմ պաշտպանների հետ, նույնիսկ եթե իմ ազգականներն են դիմում ձեզ, այն պարզ պատճառով, որ ինձ վերաբերող հարցերով որոշում կայացնողը նախ ես եմ և իմ համաձայնությամբ իմ պաշտպանները:

Վերջերս մամուլով և այլ տեղեկատվական միջոցներով իմ անվան հետ կապված և իմ անունից որոշակի տեղեկություններ են հրապարակվում` խնդրանք հորդորս առ այն, որ որևէ այլ անձ իրավասու չէ և լիազորված չէ իմ անունից և ինձ վերաբերող իմ և պաշտպաններիս հետ չհամաձայնեցված գործողություններ ձեռնարկելու և հրապարակումներ անելու: Միևնույն ժամանակ ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հասարակական և քաղաքացիական ակտիվության և քրեական դատավարության շատ զգայուն ընթացակարգերի առանձնահատկությունների և տարբերությունների վրա, ինչպես նաև դրանք չընկալելու կործանարար հետևանքների վրա և խնդրում եմ դրանք չփորձել և չմիջամտել և չխանգարել իմ շահերի պաշտպանության հարցերին և չփորձել հանդես գալ իմ անունից շահերի պաշտպանությամբ իմ և իմ կողմից ընտրված պաշտպանների միջև, քանի որ դա շատ վտանգավոր և ոչ անհրաժեշտ մի գործողություն է և անհասկանալի են դրա շարժառիթները այն պարագայում, երբ ես որևէ տարաձայնություն չունեմ պաշտպաններիս հետ:

Հատկապես անընդունելի եմ համարում իմ պաշտպանների հեղինակության և մասնագիտական հմտությունների վերաբերյալ մակերեսային և անորակ աղմուկի հրահրումը: Հատկապես այն պարագայում, երբ պաշտպաններիս անշահախնդիր և քրտնաջան աշխատանքի պարագայում փորձ է արվում ցեխ շպրտել և նսեմացնել նրանց աշխատանքը: Ուստի խնդրում եմ դրսևորել զսպվածություն և հարգանք իմ, պաշտպաններիս և իմ շահերի պաշտպանության նկատմամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее