Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, իրեն Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրած Գրիգորի Այվազյանի հայտարարություններին ոչ ոք լուրջ չի վերաբերում, չի քննարկում, մինչդեռ այդ մարդն ակնհայտորեն վարում է ազգային դավաճանության քարոզչություն՝ իր հայտարարություններում ակնհայտ դարձնում ադրբեջանական քարոզչությունը: Այսպես, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա հայտարարել է. «Եթե մենք Ադրբեջանի պետականության գործում դեր ունենք, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեկնենք Բաքու: Ես խոստացել եմ Ադրբեջանի հասարակությանը, որ Բաքվի Գյուլիստան համայնքում կխմեմ հայկական կոնյակ, իսկ Ստեփանակերտում՝ ադրբեջանական թեյ»... «Ես ուզում եմ Ադրբեջանին վերադարձնել իր համադաշնային դեմքը, որտեղ ապրող տարբեր ազգերը կունենան անկախություն, և կվերականգնվեն նրանց իրավունքները»: Ուշադրություն դարձրեք արտահայտված մտքերին. նա պատրաստվում է Ստեփանակերտում խմել ադրբեջանական թեյ, ապա Ադրբեջանին վերադարձնել նրա համադաշնային դեմքը...Ստեփանակերտում ադրբեջանական թեյ խմելու մասին միտքն արդեն վկայում է, որ այս մարդը ջնջում է 1988-ից սկիզբ առած պայքարը, հերքում է մեր հաղթանակները, Շուշիի ազատագրումը, պղծում է մեր հինգ հազար զոհի հիշատակն ու վերադառնում «ելման դիրքի»՝ այսինքն ԼՂԻՄ իրավիճակին: Ավելին, խոսելով Ադրբեջանի համադաշնային դեմքի մասին, Այվազյանը միանշանակ պնդում է, որ նա Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում...
Ուրեմն, ի՞նչ տարբերություն Այվազյանի ու ադրբեջանական քարոզիչների, կամ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանի միջև... Երևի միակ տարբերությունն այն է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ Այվազյանն ապրում է Հայաստանում, օգտվում փախստականի կարգավիճակից, սնվում տարբեր գրանտներից և բացահայտ վարում թշնամական քարոզչություն: Ուրեմն, մենք մեր կրծքի վրա օձ ենք տաքացնում...
Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք