Երևանի «Շենգավիթ» վարչական շրջանում գտնվող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում 2015թ. դեկտեմբերի 24-ին գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Կարեն Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչեւ ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի:Առերեւույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի եւ կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար: