Բաց նամակ Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանին
Էյ Բի Սի Անի ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանից
Հարգարժան պարոն Մինասարյան,
Օրեր առաջ բաց նամակով դիմել էի Ձեզ`պահանջելով հրապարակային պատասխանել, թե ինչպես է եղել,որ Ձեր ղեկավարած “Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր” ընկերությունը իմ հիմնադրած “Էյ Բի Սի Անի” ՍՊԸ-ի անունով 4 տարի շարունակ կեղծ ապրանքագրեր է դուրս գրել: Ընդ որում, այդ փաստաթղթերում ոչ միայն ստորագրությունն է կեղծված, այլև բացակայում է իմ ընկերության կնիքը: Բայց այդքանով հանդերձ իբր թե իմ ընկերությանը մատակարարած ապրանքներին առնչվող այդ կեղծ փաստաթղթերի պատճառով այժմ ինձ վրա բավականին լուրջ հարկային պարտավորություններ են դրվել պատկան մարմինների կողմից: Լինելով առավելագույնս անկեղծ , ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ ՚ Հարգարժան պարոն Մինասարյան , որ եթե ես սովորելիս լինեի միջնակարգ դպրոցի 1 ին կամ 2 րդ դասարաններում , կամ ծանոթ չլինեի բոլորիս կողմից շատ սիրված Գյուլնազ տատիկի գրականության հետ , միգուցե և բավարարված լինեի Ձեր պատասխանով :
Համոզված էի, որ Դուք անտարբեր չեք մնա ու սպառիչ պատասխան կտաք իմ բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին Ձեր ընկերության գործունեության սկզբունքներին: Բայց լրատվակայքերից մեկին տվածհարցազրույցից պարզ դարձավ, որ ես Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության հեղինակությանը ավելի լուրջ էի վերաբերում, քան Դուք: Ցավոք, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել Ձեր պատասխանը:
Նախ ուշագրավ է այն, որ իմ ղեկավարած ՍՊԸ-ի անունով կեղծ ապրանքագրեր դուրս գրելը Ձեր մեկնաբանությամբ` «շատ պարզ, բիզնես իրավահարաբերությունների հասարակ հարց է»: Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ ակնհայտ քրեական տարր պարունակող այդ գործողություններին Դուք նման որակում եք տալիս:
Պակաս հետաքրքիր չէ նաև մեկնաբանությունը, թե «ԶԼՄ-ներին սովորաբար դիմում են այն դեպքում, երբ պետական մարմիններին դիմելուց հետո խնդրի լուծման հարցում որևէ արդյունքի չեն հասնում»: Կուզեի պարոն Մինասարյան հստակեցնեիք` Ջերմուկ Ինթերնեյշնլ ընկերությո՞ւնն եք համարում պետական մարմին, թե առաջարկում եք ԶԼՄ-ներին դիմելու փոխարեն միանգամից դիմեմ պետական մարմիններին`այսինքն փորձեմ հարցը կարգավորել դատարանով:
Պարոն Մինասարյանը, Դուք Ձեր պատասխանում նաև պնդում եք նաև, թե իբր մեր երկու հանդիպումների ժամանակ ես որևէ հարց չեմ բարձրացրել կեղծ ապրանքագրերի մասին: Նման ակնհայտ սուտ չէի սպասում: Հարց է ծագում, թե այս դեպքում ինչի մասին ենք խոսել հանդիպելիս, եթե մեր մեջ ծագած վեճի ողջ պատճառը հենց այդ ապրանքագրերի առկայությունն է, որոնց օրինակներն, ի դեպ, ինձ տրամադրել են Ձեր ընկերության հաշվապահությունից:
Հենց դրանք ձեռքիս տակ ունենալով ես Ձեր կազմակերպության պաշտոնական էլ փոստին նամակ ուղարկեցի`տեղեկացնելով կատարվածի մասին, որից հետո միայն Դուք ինձ հրավիրեցիք գրասենյակ`զրույցի, սակայն մեր հանդիպումները ոչ մի էական արդյունք չտվեցին:
Արժե շեշտել, որ կեղծ ապրանքագրերի լուսապատճենները, որտեղ բացակայում է «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ ի կնիքը, ԶԼՄ-ներին ուղարկելուն զուգահեռ
ես նորից լրացուցիչ ուղարկեցի Ձեր էլեկտրոնային փոստին և ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մարիա Սահակյանի հասցեին: Այս ամենը ապացուցելը դժվար չէ, հենց այդ պատճառով չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է Ձեզ ստիպում իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ տալ:
Կրկին անդրադառնալով իմ նախորդ նամակում բարձրաձայնած հարցերին` հուսով եմ, որ Դուք այս անգամ ավելի լրջորեն կպատրաստվեք պատասխանելիս, խորհրդակցելով Ձեր, ինչու չէ նաև այլ ընկերությունների իրավաբանների հետ և հիմնավոր կպատասխանեք իմ նախորդ նամակի հարցերին, որոնք համոզված եմ, որ արդեն միայն ինձ չէ, որ հետաքրքրում են.
1. Ի՞նչ սկզբունքներով են Ձեր կազմակերպությունը մատակարարում ապրանքները, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՍՊԸ ի տնօրինության կողմից , որպեսզի կազմվի և ապրանքի հետ տրվի հաշիվ ապրանքագրերը (կանխիկ առևտրի դեպքում):
2. Ձեր կազմակերպության կանոնադրության ո՞ր կետի կամ ՀՀ օրենսդրության ո՞ր հոդվածի հիման վրա են ներկայացվել կեղծ ստորագրությունով և առանց մեր կազմակերպության կնիքի մեր կազամակերպության անունից տրված լիազորագրերը ու ինչպե՞ս է նման հեղինակություն ունեցող կազմակերպությունը չկնքված անօրինական փաստաթղթերով գործարք անում:
3. Տեղյա՞կ եք արդյոք Դուք նշված դեպքի վերաբերյալ: Եթե տեղյակ եք, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել ստորագրության կեղծման քայլերի մասին իրավապահ մարմիններին տեղյակ պահելու ուղղությամբ նման անօրինական քայլերի կրկնությունը կանխելու նպատակով:
Շախմատային լեզվով ասած, ես Ձեզ շախ եմ հայտարարում հարգարժան պարոն Մինասարյան : Կսպասեմ Ձեր պատասխան քայլին իհարկե ողջամիտ ժամկետներում, քանի որ այս պահից ժամանակը ի վնաս Ձեզ է աշխատում .....
Հարգանքներով «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյան