«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները ԵՄ-ում եղանակ ստեղծող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա) ցույց են տալիս, որ պարտվում են գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչները և գալիս են ազգային-պահպանողական դեմոկրատական ուժերի ժամանակները:
Եվրոպական ընտրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մերժվում է ապազգային, գլոբալիստական, գեդոնիստական արժեհամակարգը, մերժվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմը, մերժվում է արյունաբեր քաղաքականությունը, քանզի տուժում են ոչ միայն մանրադրամի ֆունկցիա կատարողները (Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր կան), այլ նաև ԵՄ շարքային քաղաքացիները, հարվածներ են ստանում ավանդական ինստիտուտները, իրական ժողովրդավարական արժեքները:
Ֆրանսիայում Լե Պենի գլխավորած կուսակցության հաջողությունը շատ լավ ազդակ էր աշխարհի ազգային ու առողջ ուժերին, որ պետք է պայքարել ու մերժել անդրօվկիանոսյան կենտրոնից եկող պարտադրանքը՝ պաշտպանելով սեփական ինքնությունն ու անկախ պետականությունը: «Մայր Հայաստանի» որդեգրած քաղաքականությունն ու դավանած արժեքներն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային այդ «թրենդի» մեջ:
Նկատենք, որ Վրաստանի իշխանությունների վարքագիծը համահունչ է ԵՄ-ի առողջ ուժերի ու գլոբալ պատերազմի կուսակցությանը մերժած ԵՄ քաղաքացիների վարքագծին: ԱՄՆ փորձում է Վրաստանը դարձնել մանրադրամ և «ա լյա» Ուկրաինա օգտագործել Ռուսաստանի դեմ: Վրաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պարտադրանքը և պայքարում են Վրաստանի ինքնիշխանության համար:
Ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Հայաստանի ուկրաինացման ճանապարհով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին: Այդ քաղաքականությունը մերժվում է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից: Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն ասվածի վառ ապացույցն է: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը (Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է նախաձեռնել և չի բացառել սեփական հրաժարականը): Ինչպես ասում են՝ տարոսը Նիկոլին»:
|