ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈԼՈՐԱԿԻՆ
կամ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների քաղաքական արդի զարգացումների համատեքստում
Ս.թ. սեպտեմբերի 10-ին Գերմանիայի Բոխում քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի կունենա դր. Յոխեն Մանգելսենի << Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում>> գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը:
Գիրքն ամբողջությամբ ձևավորել և Հայաստանի բնության ու հուշարձանների յուրօրինակ նկարազարդումներով գեղեցկացրել է Բրեմենի հայտնի հայ նկարչուհի ու քանդակագործ Մարիետտա Արմենան:
Հայկական մամուլն այդ գրքին ժամանակին լայնորեն արձագանքել է (ՕՖԵԼՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ <<Գերմանացի ուխտավորի «Հայաստան մոլորակը» շրջում է Գերմանիայով ու տարածում Հայաստանի բույրը>> կամ ` այս հղումը, անգլերեն`http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=461agsz59 ):
Բոխումում հեղինակը <<Հայաստան մոլորակը>> կհամադրի դեռևս 2001թ. իր առաջին` << Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչև Բեռլին>> վեպի հետ, ինչպես նաև կանդրադառնա Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արդիական խնդիրներին ու այդ ուղղությամբ գերմանահայ համայնքի վարած քաղաքականությանը: Ստանձնելով Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի մամուլի հարցերի խորհրդականի պաշտոնը, Մանգելսենը համարվում է այդ քաղաքականության ակտիվ կերտողներից մեկը և քաջատեղյակ է հարցերի ներքին ու արտաքին զարգացումներին:
Հայտնի հրապարակախոսը Բոխում է ժամանելու Գերմանիայի <<Հայ Ակադեմիականների Միություն – 1860>> գիտամշակութային կազմակերպության (ՀԱՄ) և Բոխումի <<Գրական ընկերության>> համատեղ հրավերով: ՀԱՄ-ը դեռ 12 տարի առաջ, 2001թ. մայիսի 27-ին Բոխումում կազմակերպել էր դր. Մանգելսենի
<< Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչեւ Բեռլին>> գրքի շնորհանդես-քննարկումը (WAZ, 23.05.2001, Stadtspiegel Bochum, 26.05.2001), որը 2003թ. Ռուզան Յորդանյանի թարգմանությամբ հրատարակվեց նաև Երևանում (<<Հայաստան>> հրատարակչություն, 232 էջ, ISBN: 5-540-01903-2: Գրքի հայաստանյան շնորհանդեսը կատարվել է Հայաստանի ազգային գրադարանում 2003թ, տես`<<Երկիր>> 26.09-02.10, 2003թ.):
Այս անգամ ՀԱՄ-ի հետ միասին որպես հրավիրող կողմ հանդես է գալիս նաև քաղաքի <<Գրական ընկերությունը>>, որը հիմնվել է 1905 թ-ին և ահա արդեն 108 տարի ակտիվորեն գործում է Ռուրի շրջանում: Ընկերության հրավերներովով Բոխումի գրականասեր հանրությանը մինչ այսօր իրենց գրքերն են ներկայացրել 20 և 21-րդ դարերի Գերմանիայի համարյա բոլոր հայտնի գրողներն ու հրապարակախոսները:
Շնորհանդեսը կվարի <<Գրական ընկերության>> նախագահ պրոֆ. դր. Ռալֆ Քյոհնենը (Ռուր համալսարանի Գերմաներեն լեզվի և գրականության ինստիտուտ):
Գրական-քաղաքական երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-22:00,
հասցեն` Zentralbuecherei Bochum, Gustav-Heinemann-Platz 2-6,
44787 Bochum (Zentrum), Germany.
<<…մի ուխտավորի յուրօրինակ սիրո խոստովանությունը Հայաստան աշխարհին ու հայերին>> (Օֆելյա Սարգսյան, <<Հրապարակ>>, 27.12.2011թ.) միակը չի լինելու Բոխումում:
Հայ Ակադեմիականների Միությունը ծրագրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներքաղաքական ու արտաքին քաղաքականության արդի զարգացումների համատեքստում Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի միությունների ու հաստատությունների հետ միատեղ կազմակերպել վերջին տարիներին Գերմանիայում, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում հրատարակված տարբեր գրքերի շնորհանդեսներ, որոնք կհամադրվեն գիտական և քաղաքական քննարկումներով:
Ազատ Օրդուխանյան
Բոխում, Գերմանիա
7 սեպտեմբերի 2013թ.