blog.168.am-ը գրում է. Էջմիածին քաղաքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների ընթացքում, ինչպես հայտնի է, կրկին Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Կարեն Մանվելի Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Կարեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը` 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը` 504 քվե:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 44 հազար 489: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 16 հազար 45: Անվավեր է ճանաչվել 1 192 քվեաթերթիկ:
Ի դեպ, Էջմիածին քաղաքի ավագանու ընտրացուցակում 6-րդ տեղն էր զբաղեցնում գեներալի մյուս որդին՝ Արման Գրիգորյանը:
Ֆեյսբուքի օգտատերերը նրա գովազդային բուկլետներում հայտնաբերել են ուղղագրական կոպիտ սխալ. Արման Գրիգորյանը թեկնածու բառը գրել էր «թեքնածու»՝ ք-ով: «Բախտներս բերել է, որ ավագանու թեՔնածու է, այլ ոչ թե պատմափիլիսոփայության»,- ասել է Կարպիս Փաշոյանը: