«Ազգային ճակատ»-ը նախօրեին հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային համաժողովի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
«Ժամը 15:30-ին հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,- նշված էր տեքստում:
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ շարունակում է աջակցել շարժմանը՝ հիշեցնելով իր՝ ավելի վաղ արված հայտարարությունը, այն է՝ այսօր ժամը 17:00-ին իր աջակիցներին հրավիրում է Հրապարակ: «Բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Եթե չհավաքվեց էն կրիտիկական մինիմալ մասսան, որը եղել է մայիսի 9-ի ժամանակ, ապա չենք վհատվում ու բոլորս քայլում ենք Օպերա՝ Բագրատ Սրբազանին օգնության: Ես հասկանում եմ՝ Սրբազանն անընդհատ փախնում ա ինձնից, փոխարենը հանդիպում ա Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի հետ, իրենք լուրջ, կուլտուրական դեմքեր են, Վարդան Ղուկասյանը՝ քըխ... Եկեք մի հատ քվեարկություն անցկացնենք, կտեսնեք, որ էդ մարդկանց պիտանելիության ժամկետը լրացել է: Ու հիմա հելել, գնացել ես, սրանց հետ ես հանդիպում: Ես Հրապարակում եմ միտինգ անում, դու վազում, էթում ես Օպերա, հարց չկա: Ես իմ ժողովրդին հավաքում եմ, գամ Օպերա, տեսնեմ՝ էդտեղից ո՞ւր ես փախնելու, գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ»,- նշել է Ղուկասյանը: