Օրերս «Եվրատեսիլ 2016»-ում Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Սամրան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի այն հարցին` արդյո՞ք ինքը կատարում է նաև երգեր ադրբեջաներենով, դրական պատասխան է տվել և երգել է «Սարի աղջիկ» հայկական երգը` ներկայացնելով այն որպես ադրբեջանական ազգային երգ: Հիշեցնենք, որ այս երգը նոր չէ, որ վեճի առարկա է դարձել. ադրբեջանցիներն իրենց սովորության համաձայն` փորձում են իրենցով անել հերթական հայկական երգը: Հավելենք, որ այս առիթով դեռ տարիներ առաջ համացանցի հայկական տիրույթում սկսվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» ակցիան, որին միացել էին նաև Անդրեն, Էմմին և այլոք: Վերջիններս տեսահոլովակ էին ներկայացրել այդ երգի հիման վրա:
Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Ստյոպա Սաֆարյանը.
«Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության համար մեկ փաստ ևս.
Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան ասուլոիսում երգեց Սարի աղջիկ / Սարի գյալին երգը՝ հատուկ շեշտելով որ այն ադրբեջանական ժողովրդական երգ է։ Փաստացի, կոնֆլիկտի առարկա հանդիսացող մի բան արդեն իսկ բերվել է Եվրատեսիլ։ Եթե Իվետայի բարձրացրած Արցախի դրոշը այդ կոնտեքստում խախտում է համարվում, ապա Սամրայի կողմից սա նույնպես պրովոկացիոն էր ու մեզ դուր չի գալիս»։