Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծ մի բան եմ ուզում հասկանալ՝ մինչ այդ մի քանի դրվագ հիշեցնելով.
*Հայրենիքի փրկության շարժում - Վազգեն Մանուկյան. չհաջողեց: Լայն զանգվածներ չեկան փողոց. Վազգեն Մանուկյանը երիտասարդ չէր, «Գետաշեն հանձնող էր», և այլն, և այլն:
Արդյունքում՝ խունտան վերարտադրվեց, և սկսվեց Արցախ-ՀՀ ադրբեջանիզացիայի նոր փուլը:
*Դիմադրության շարժում - Իշխան Սաղաթելյան և նախաձեռնողներ. չհաջողեց: Ուժերը չհերիքեցին. Իշխան Սաղաթելյանը «զբոսանքի էր կանչում», «դիտավորյալ ձախողեց», «կտրուկ գործողությունների չդիմեց» և այլն, և այլն:
Արդյունքում՝ խունտան Ադրբեջանի զորքերը «հրավիրեց» Ջերմուկ ու Վարդենիս, նոր կոտորածներ կազմաքանդված առաջնագծում, հաջողությամբ ամփոփվեց Արցախի դավաճանական հանձնումն ու ավարտին հասցվեց արցախահայության ցեղասպանությունը: Լայն թափով սկսվեց ՀՀ-ի ադրբեջանականացումը:
*«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան») շարժում - Բագրատ Սրբազան. ընթացքում է: Չնայած լայն կոնսոլիդացիային՝ կրկին լսում ենք. «մեր սրտով չի», «անփորձ է», «Ռուսաստանի թեկնածուն է», «ծրագիր չունի», «միամիտ հոգևորական է», «կողքը մի օր տեսա մեկին քայլելով՝ դուրս չեկավ», «չգիտեմ՝ իր կառավարության կազմում ովքեր են լինելու» ու հրապարակ չգալու նման պատճառներ՝ ինչքան ուզեք:
Բայց նաև բոլորը գիտեն, որ Բագրատ Սրբազանը.
- ռուսի լրտես չի՝ հերքվեց,
- երեխաներ չունի՝ չի խաբել մարդկանց ու Եկեղեցուն,
- բիզնեսմեն չի՝ հերքվեց,
- Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի մարդը չի՝ բոլորը հասկացան,
- արտաքին ու ներքին խնդիրներին լավագույնս տիրապետող է,
- միավորող է,
- վերկուսակցական է,
- իշխանատենչ չէ,
- ազգային բարձր արժեքների կրող է,
- արիստոկրատ է,
- խարիզմատիկ է,
- ուժեղ կամքի տեր է,
- պինդ ու համառ է՝ դրական իմաստով,
- չափազանց ուժեղ և ոչ մի բանից չընկրկող է՝ ոստիկանապետի հետ «առերեսման» վերջին դրվագը վկա,
- Եկեղեցուն չի տալու պետության ղեկը,
- պետականությունն ու ազգն ամեն ինչից վեր դասող է,
- բարոյական բարձր արժեքներ կրող ու քարոզող է:
Էսքանից հետո՝ ինձ համար արդեն անհասկանալի է՝ Բագրատ Սրբազանին էլ «պոզ ու պոչ կպցնող» ժողովրդի մի լայն հատված իրականում Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ, ԿԱՄ ՈՒ՞Մ Է ՈՒԶՈՒՄ:
Բագրատ Սրբազանն ու Շարժումն, անշուշտ , կարող են ունենալ բացեր, թերություններ՝ իսկ ո՞վ է բացարձականացնում ամեն ինչ: Բայց արդյո՞ք պետք է տանը կամ աշխատանքային կաբինետներում նստել ու անխնա որոնել չմիանալու պատճառ, թե՞ գալ ու օգնել՝ շտկելու դրանք: Արդյո՞ք պարզ չի՝ եթե այս փուլում էլ չհաջողի Շարժումը, ապա.
*Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածելու է տոտալ բռնատիրության ու ծառայեցնելու է մի կլանի շահերին,
*Արագորեն հանձնվելու են «անկլավները», և թշնամին նորովի է մխրճվելու երկրի խորքը,
*հանձնվելու է Սյունիքի պարանոցը՝ իբրև «տարանցիկ ուղի», իրականում՝ թուրանիզացիայի հերթական պրոյեկտ,
*լայնորեն սկսվելու է ադրբեջանցիների վերադարձը ՀՀ,
*փոխվելու է ՀՀ Սահմանադրությունը, մերժվելու է Անկախության Հռչակագիրը, վերանալու է այդ հռչակագրով ստեղծված Հայաստանի ներկայիս Հանրապետությունը, նոր Սահմանադրությամբ «հանրապետությունն» իրականում լինելու է թուրք-ադրբեջանական նախագիծ,
*ՀՀ-ն ամբողջովին մերժելու է Հայոց ցեղասպանության իրողությունը, խզվելու է կապն ավանդական Սփյուռքի հետ, հայրենազրկված բազմամիլիոն հայերի գոյությունն ամբողջովին իմաստազրկվելու է, և վերջիններս ուղղակի ձուլվելու, վերանալու են,
* Լայն թափով սկսվելու է Ադրբեջանի ներկայացրած միլիարդավոր դոլարների հասնող ռազմատուգանքների (ռեպարացիաների) վճարման գործընթացը, որը վերջ չի ունենալու, ինչի արդյունքում ՀՀ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ԱՅԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ՝ առաջիկա տասնամյակներին: Սա՝ լավագույն դեպքում:
* Նախորդ կետի փոխարեն կարող է տեղի ունենալ հետևյալը (նայած՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպես կցանկանան). ՀՀ-ն կարճ ժամանակում դառնա թուրք-ադրբեջանական պլացդարմ, մասնատվի, լուծարվի պետությունը, ազգաբնակչության մի մասը ճողոպրի Եվրոպա (Ֆրանսիան նավեր կուղարկի Տրապիզոն կամ Բաթում), մնացյալ մասը ստրկացվի և վերջ:
Եվ այս ամենը ոչ թե ցնորամիտ երևակայություն է, այլ՝ ամիսների, անգամ՝ շաբաթների ընթացքում տեղի ունենալիք իրողություն. ցեղասպանված Արցախը վկա:
Էսքանից հետո թող մարդիկ որոշեն՝ փողոց դուրս գա՞լ, թե՞ ոչ:
Հ.Գ. Ու եթե շատերին թվում է՝ Թուրքիան տասնամյակներ նախապատրաստվելով՝ չէր կարող գնել մի փոքր պետության իշխանություն, ապա նրանք չափազանց սխալվում են»:
|