Մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր, կարևորել է Ադրբեջանի հետ միջազգայնորեն հաստատված սահման ունենալու փաստը:
«Շփման գիծը ուրիշ բան է, սահմանը՝ ուրիշ։ Շփման գիծը մի երևույթ է, որից այս ու այն կողմ իրար վրա կրակելը նորմալ երևույթ է, սահմանը մի երևույթ է, որից այս ու այն կողմ իրար վրա կրակելը արտառոց երևույթ է։ Մեր խնդիրը հետևալն է, ունենալ սահման, որը միջազգայնորեն, դե յուրե պարիսպ է, որից այս ու այն կողմ կրակելը ընդունված չի լինելու։ Մենք ճանապարհները կառուցելու ենք, գյուղին ամեն ինչով ապահովելու ենք, որտեղ պետք լինի լրացուցիչ կոմպեսացիաներ ենք վճարելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ սցենարի դեպքում, եթե ոչինչ չարվի՝ շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։ «Ես գիտեմ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, ու երբ որ իրար հանդիպենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա դո՞ւք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։