Հեռուստատեսության մի անբաժան մասն են կազմում խոհանոցային հաղորդումները, որոնք սովորաբար վարում են հանրությանը հայտնի դեմքերը: Նմանատիպ նախագծերը ոչ միայն հիանալի զբաղմունք են տնային տնտեսուհիների համար, այլև հնարավորություն են տալիս շատերին ծանոթանալու տարբեր ազգերի խոհանոցային գաղտնիքների հետ:
Kitchen(խոհանոց)յութուբյան ալիքն այս առումով նորություն է Հայաստանում: Այն անգլերեն վիդեոտարբերակների տեսքով աշխարհին ներկայացնում է հայկական խոհանոցի նմուշները:
Յոււթուբյան ալիքը հիմնել են Արա Ճաղարյանն ու Գուրգեն Ջանիբեկյանը: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում մասնագիտությամբ ռեժիսոր ընկերները պատմել են Kitchen(խոհանոց)յութուբյան ալիքի ստեղծման գաղափարի, հիմնական նպատակի մասին, դրա առանձնահտոկության մասին և ոչ միայն:
«Kitchen» (խոհանոց) յութուբյան ալիքը, Asekose.am-ը և «Նավավար» ձկնալի ըմպելարանը սկսել են նոր շարք, որը ներկայացնելու է տարբեր ճաշատեսակների` հիմնականում ձկնային ուտեստների բաղադրատոմսեր և պատրաստման եղանակներ: Ժամանակի ընթացքում կներկայացվի «Նավավարի» ողջ ճաշացանկը»,- մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց Գուրգենը:
Անդրադառնալով նախագծի ստեղծման գաղափարին՝ մեր զրուցակիցը պատմեց. «Այնպես ստացվեց, որ մի որոշ ժամանակ մենք աշխատանք չունեինք, և այդ ընթացքում որոշեցինք ստեղծել մի այնպիսի բան, որը կլինի միայն մերը: Պետք է նշեմ, որ, առհասարակ, շատ գաղափարներ ունեինք, որից որոշեցինք առաջինն այս նախագիծը կյանքի կոչել: Դեռ շատ ծրագրեր կան, որոնք ժամանակի ընթացքում կներկայացնեն հանրության ուշադրությանը»:
Այս նախագիծն իր ձևաչափով նորություն է Հայաստանում:
«Մենք համարձակություն ունեցանք առաջինը փորձել նման բան անել: Յութուբյան ալիքն արդեն 2 ամիս է , ինչ կա, իսկ Նավավարի հետ համագործացությունը՝ արդեն 2 շաբաթից ավել է: Նպատակ ունենք հետագայում համագործակցել նաև այլ ռեստորանների հետ, եթե, իհարկե, ամեն ինչ հաջող ընթանա: Ծրագիրը դեռ փոքր հաջողություններ է գրանցում, սակայն դա պայմանավորված է նրանով, որ դեռ նոր ենք, սակայն մարդկանց դրական արձագանքներից և դիտումներից կարող եմ ասել, որ ամեն ինչ դեռ հաջող է ընթանում: Այս ծրագրի հետ կապված մեծ սպասելիքներ ունենք և հուսով ենք, որ դրանք կարդարանան ժամանակի ընթացքում»,-ասաց Գուրգենը:
Արա Ճաղարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են մթերքները ներկայացված անգլերենով, պատասխանեց. «Մեր նպատակն այն է, որ տարբեր ազգերի համար հասանելի լինեն այս վիդեոտարբերակները, իսկ անգլերենը մեզ ընձեռում է այդ հնարավորությունը: Սակայն լուսագրերի շնորհիվ մարդիկ կարող են կարդալ դրանց անունները իրենց համար հասանելի լեզվով: Այս ծրագրի կարևորությունը նաև այն է, որ մենք ցանկանում ենք հայկական խոհանոցի ուտեստները ներկայացնել ամբողջ աշխարհին: Նմանատիպ հաղորդումների ժամանակ ընդունված է, որ խոհարարը խոսում է և մանրամասն պատմում է տվյալ ուտեստի պատրաստամն ողջ ընթացքը: Սակայն մեր ֆորմատը տարբերվում է հենց նրանով, որ խոհարարը չի խոսում, այսինքն՝ շեշտը դրել ենք ավելի շատ տեսողականի վրա»:
Սա ռեժիսոր ընկերների առաջին համագործակցությունն է: Երկուսն էլ հույս ունեն, որ այն դեռ մեծ հաջողություններ է գրանցելու և ճանաչվելու է Հայաստանի սահմաններից դուրս:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան