▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երիտասարդը սպանել է մոր սիրեկանին, ով 3 օր փակի տակ է պահել կնոջը

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ռաֆայել Մ.-ի գործի դատական քննությունը:

Ռաֆայել Մ.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Մ.-ն 2015 թվականի օգոստոսի 28-ին Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում, հենց տուժողի բնակարանում իր հետ վերցրած «բացովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տանտիրոջը՝Վահան Ա.-ին՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ»:

Կրծքավանդակի, նախաբազկի շրջանների կտրած-ծակած վնասվածքների հետևանքով արյան սուր կորուստ ունենալով՝ Վահան Ա.-ն մահացել է:

Տուժող Վահանը ամբաստանյալ Ռաֆայելի կրկնակի տարիքին է եղել: Նա տաքսի է վարել ու մի օր սպասարկել է Ռաֆայելի մայրիկին: Տաքսիստը և ուղևորուհին զրուցել են, ծանոթացել, ապա՝ մտերմացել:

Վահանը ներկայացել է որպես դիմածնոտային վիրաբույժ, շատ հարուստ մարդ, ասել է, թե ամուսնանալուց հետո կնոջ հետ մեկնելու է ԱՄՆ: Կինը գայթակղվել է, սկսել են հանդիպել:

Վահանի տանը հերթական հանդիպումից հետո Վահանը նրան չի թողել դուրս գալ ու տուն գնալ: Կնոջ երկու հարսներն ու դուստրը խառնվել են իրար, տեղեկացրել են կնոջ՝ Անապայում գտնվող երկու որդիներին, այդ թվում՝ ամբաստանյալ Ռաֆայելին: Որդիները վերադարձել են Հայաստան:

Ոստիկանություն են դիմել, երեք օր փակի տակ մնացած կնոջը մի կերպ հանել են Վահանի բնակարանից:

Ըստ կնոջ հարազատների՝ կինը ծեծված է եղել, դրա վերաբերյալ կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, կան հարևաններ, ովքեր լսել են ծեծելու աղմուկը:

Սակայն այդ դեպքից մոտ քսան օր անց կինը նորից հայտնվել է… Վահանի բնակարանում: Նրա որդիները նորից խառնվել են իրար: Երբ Վահանը քնել է, կինը բացել է փակ դուռն ու դուրս է եկել՝ դուռը բաց թողնելով:

Նրա գնալուց հետո բաց դռնով Վահանի բնակարան է մտել նրա որդին՝ Ռաֆայելը, և դանակի հարվածներով սպանել է Վահանին:

Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Ռաֆայել Մ.-ն ասաց, թե դիտավորյալ սպանության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչում: «Ինձ հասցրել են…»,- ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Աբրահամյանը շեշտեց, որ կարևոր հարցն է. «Ինչո՞ւ սպանեց», այսինքն՝ սպանության դրդապատճառի բացահայտումը:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը. հարցաքննել տուժողի իրավահաջորդին, վկաներին, հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու ապացույցները, վերջում հարցաքննել ամբաստանյալին:

Տուժողի իրավահաջորդը սպանված Վահանի հարազատ եղբայրն է:

Նա ասաց, թե այս գործի քննության հետ համաձայն չէ: Քննությամբ վեր չեն հանվել Վահանի բազմաթիվ հիվանդությունները, որոնք թույլ չէին տա, որ նա վարի այն կենցաղը, ինչ ներկայացնում է ամբաստանյալի կողմը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее