▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 45-ամյա իրանցու 19-ամյա հայ կինը խանդի հողի վրա դանակով վնասել է ամուսնու թոքը

1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Մարիամ Փ.-ի գործի դատական քննությունը:

Մարիամ Փ.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ռեզա Ն.-ն է՝ Իրանի քաղաքացի, ով Հայաստանում բիզնեսով է զբաղված:

Ամբաստանյալ Մարիամը 19 տարեկան է, նա ներկայացրել է, թե տուժող Ռեզայի հետ ապրել է որպես նրա փաստական կին:

45-ամյա Ռեզան Իրանում ընտանիք ունի և ժխտել է Մարիամի հետ փաստական ամուսնական կապ ունելու հանգամանքը: Նա նշել է, թե Մարիամին «հայրաբար» է տիրություն արել, նրան փողոցից կտրել ու հոգ է տարել:

Ի՞նչն է եղել պատճառը, որ 19-ամյա Մարիամը ծանր վնաս է հասցրել իրեն հոգատար կերպով «հայրություն անող» Ռեզայի առողջությանը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, Մարիամը Ռեզայի հետ գտնվել է Երևանի Պարոնյան փողոցում: Նա վիճել է Ռեզայի հետ՝ իր հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով, կասկած է հայտնել, որ Ռեզան այլ կանանց հետ է շփվում: Ցանկանալով ստուգել Ռեզայի շփումները՝ Մարիամը Ռեզայի կամքին հակառակ վերցրել է նրա բջջային հեռախոսը: Ռեզան ցանկացել է հեռախոսը հետ վերցնել, բայց Մարիամը չի տվել: Ավելին, ոչ սթափ Մարիամը, զայրացած լինելով, այդ ժամանակ գնացել ու… դանակ է գնել: Եվ երբ Ռեզան նորից ցանկացել է հետ վերցնել իր հեռախոսը, Մարիամը, ըստ մեղադրանքի, դանակով պատահաբար վնասել է նրա ձեռքը: Ռեզան ցանկացել է հեռանալ, բայց Մարիամը թիկունքից մոտեցել ու դանակով այնպես է հարվածել Ռեզային, որ վնասել է նրա թոքը, պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Փողոցում Ռեզան վատացել է: Մոտակայքում ոստիկաններ են եղել, մոտեցել են: Մարիամը դեպքի վայրից չի փախել: Ռեզային տեղափոխել են հիվանդանոց, իսկ Մարիամին տարել են ոստիկանություն, ապա առել են արգելանքի տակ:
Մարիամը՝ փոքր-մոքր, դեռահասի տեսքով, դատարանի դահլիճ մտավ կարճ բաճկոնակով: Դողդողում էր ցուրտ դահլիճում: Նստեց, կարճ բաճկոնակը վերև թռավ՝ մերկացնելով աղջկա՝ դաջվածքներով «գեղանկարված» գոտկատեղն ու մեջքը:

Մարիամի շահերի պաշտպան Ս. Դավթյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը միջնորդություն ունի՝ նա ընդունում է մեղքը, զղջում է ու միջնորդում է գործը քննել արագացված ընթացակարգով:

Մարիամը խիստ ցածրաձայն կրկնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, ուզում է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատական նիստին չէր ներկայացել տուժող Ռեզան՝ վատառողջության պատճառով, բայց ներկա էր նրա ներկայացուցիչ, փաստաբան Հ. Դավթյանը, ով դատարանին ներկայացրեց Ռեզայի դիմումը:

Ռեզան նշել էր, որ Մարիամ Փ.-ից ոչ մի պահանջ չունի, քաղհայց չի ներկայացնում: Նկատի ունենալով, որ Մարիամը շատ երիտասարդ է, արարքի կատարման պահին չի գիտակցել արարքի ամբողջ լրջությունը, իրենց վեճը կրել է զուտ կենցաղային բնույթ, Մարիամի ընտանիքն գտնվում է ծանր սոցիալական վիճակում՝ տուժողը խնդրել էր Մարիամի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее