«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Անդրանիկ Քասարյանի գլխավորությամբ, ի՞նչ հմտություններով են օժտված և ինչպե՞ս են որոշումները կայացնում անցումներ կառուցելու վերաբերյալ:Այդ չինովնիկները բնականաբար երթևեկում են իրենց սեփական մեքենաներով: Նրանք բնավ կարիք չունեն հետիոտնային անցումներից օգտվելու:Նրանք մտածում են ինչպե՞ս ազատվել անկոչ հյուրերից, որոնք քայլում են «իրենց փողոցների» վրայով: Լուծումը միանշանակ է. պետք է հետիոտները վերևից կամ ներքևից շրջանցեն իրենց ջիպերին:
Այսպիսով` մեր մայրաքաղաք Երևանը վեր է ածվում ավտոմայրուղու, որտեղ մի ծայրից մյուսը մեքենայով հնարավոր է անցնել 15 րոպեում, իսկ հետիոտներին 10 մետր լայնությամբ փողոցն անցնելու համար պետք է լինում քայլել մոտ 30 մետր:Հաշմանդամների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, քանի որ նրանց կողմից անցումներից ինքնուրույն օգտվելն ուղղակի բացառվում է: Այս նույն քաղաքական չինովնիկները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ մինչ այս բարձրաձայնում էին ամենուր թեքահարթակներ կառուցելու, քաղաքը հաշմանդամներին հարմարեցնելու, իրենց մարդասիրական մղումների մասին:
«Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Տարոն Մարգարյանին՝ չչարաշահել քաղաքապետի պաշտոնը և վերանայել իր որոշումները, քանի որ բոլորս ականատես եղանք հզոր քաղաքացիների նպատակասլացությանը և համառությանը: Մենք սատարելու ենք քաղաքացիների որոշումները և պաշտպանելու՝ նրանց իրավունքները՝ իրենց սեփական մայրաքաղաքում: