▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմադիր կին գործչին զրկել են անգամ իր երեխային տեսնելու հնարավորությունից»․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Երեկ Աննա Գրիգորյանի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում կանացի հույս էինք փայփայում, որ կնոջ՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ետ պահել դատավորին՝ Արեգնազին չտանել կալանքի: Բայց ոչ, կալանքի որոշումն արդեն դատավորի դարակում էր, քննիչի միջնորդությունը բավարարել էր ամբողջությամբ։
Ու սա այն դեպքում, որ շաբաթներ առաջ Արեգնազի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, տարբեր աղբյուրներից էլ դեռ ամիսներ առաջ գիտեր, որ գործ է հարուցվելու, ու այդ ամբողջ ընթացքում չէր թաքնվել քննությունից, անգամ փորձ չի արել:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի որոշումը քաղաքական պատվեր է եւ ոչ երբեք արդարադատության իրականացում։
Բայց ամենամեծ աբսուրդն անգամ սա չէր. մանր վրեժխնդրության ու քինախնդրության դրսեւորումն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Արեգնազի տեսակցությունները փակ են ամբողջությամբ։
Սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին՝ հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին։ Կնոջ համար երեխային չտեսնելուց ավելի սարսափելի բան լինել չի կարող։ Բայց ես վստահ եմ՝ Արեգնազն այս փորձության միջով էլ կանցնի, պատվով կանցնի, ինչպես անցել են Լիդիան, Լիլիթը, Տաթեւը ու էլի շատ կանայք։
Նիկոլ Փաշինյանը սխալվում է իր հաշվարկներում. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին։ Լավ իմացիր։
Արեգնազին ճանաչում եմ դեռ լրագրողական գործունեության տարիներից ու վստահ կարող եմ պնդել՝ սկզբունքային, սեփական գաղափարները չդավաճանող, համառ ու ուժեղ մարդ է։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու ամեն հնարավորն անելու ենք խափանման միջոցը փոխելու հարցում»։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին՝ փորձելով վարկաբեկել իր համար ամենավտանգավոր քաղաքական ընդդիմախոսներին. Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող երկարատև թիրախավորումն ու նրա շրջապատի գործիչների նկատմամբ իրավապահ գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց իրական շարժառիթների վերաբերյալ․ վառ օրինակ՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որն ընկալվում է որպես այդ նույն շղթայի հերթական օղակ՝ նպատակ ունենալով ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ՝ հարվածել Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական հեղինակությանը։
Եթե ՔՊ-ն իսկապես վստահ է իր հանրային աջակցությանը, ապա նա պետք է մրցի գաղափարներով, ծրագրերով և իր կառավարման 8 տարում գրանցած արդյունքներով, ոչ թե՝ քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու ճղճիմ փորձերով։
Քաղաքական հաշվեհարդարը երբեք չի կարող փոխարինել արդարադատությանը, իսկ իրավապահ համակարգի նկատմամբ ցանկացած կասկած հարվածում է ոչ միայն ընդդիմությանը, այլև մեր պետության իրավական հիմքերին»։

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հրատապ հայտարարությունը․
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։
Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։
Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։
Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.
1. Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
2. Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
3. Քրեական վարույթի ողջ ընթացքում ապահովել օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։
Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են։
1. Գալստյան Լիլիթ
2. Գասպարյան Իրինա
3. Գրիգորյան Աննա
4. Թովմասյան Թագուհի (անկուսակցական)
5. Խամոյան Ագնեսա
6. Խերանյան Արմինե
7. Կյուրեղյան Արմենուհի
8. Կրպեյան Ասպրամ
9. Միրզոեւա Զեմֆիրա
10. Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)
11. Վարդանյան Արփինե
12. Վարդանյան Էլինար
13. Վարդանյան Քրիստինե
10. 07. 2026, Երևան

info@asekose.am/095519696
Հասարակություն далее