▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանը կատարել է պետական մասշտաբի հանցագործություն. ՀԿ-ն պատրաստվում է դիմել դատարան

Newsbook.am-ը գրում է.

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ բարձրաձայնելու 2012 թվականին կատարված պետական մասշտաբի հանցագործության մասին:

Հեքիմյանը հայտարարեց, թե հանցագործությունը կապված է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Բանն այն է, որ 2012 թվականի ընթացքում, ըստ լրագրողական հետաքննությունների, Մարուքյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ներկայացրել է փաստաթուղթ այն մասին, որ ինքը մինչև 2012 թվականը հինգ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում:  Մինչդեռ բազմաթիվ հրապարակումներում փաստեր են ներկայացրել, համաձայն որոնց՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը՝ այսինքն՝ 1 տարի 17 օր Մարուքյանը, մշտապես գտնվելով ԱՄՆ-ում, Համֆրիի անվան ծրագրի շրջանակներում ստացիոնար հիմունքներով սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, որից հետո նրան տրվել է 5 տարի Հայաստանում մշտապես բնակվելու մասին փաստաթուղթ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Այս փաստերը հաստատել է նաև Ազգային անվտանգության ծառայությունը՝ տրամադրելով Քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի և ելքի մասին ինֆորմացիոն տեղեկանքը:

Ըստ այդ տեղեկանքի՝ «Էդմոն Մարուքյանը (ծնված 13.01.1981թ.) ունեցել է 4 անձնագիր՝ AC0312755, AH0545912, AK0506783 եւ AD0005526 (դիվանագիտական անձնագիր-խմբ)։ Էդմոն Մարուքյանը AH0545912 անձնագրով Հայաստանից ելք է ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ 13.06.2009թ., ժ.05։00։41-ին, իսկ ԱՄՆ-ում կորցրած AH0545912 անձնագրի փոխարեն նոր՝ AK0506783 անձնագրով՝ Հայաստան մուտք է ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով՝ 30.06.2010թ., ժ.07։09։35-ին՝ ինքնաթիռի 965 չվերթով։ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը հայտարարեց, որ այս տարիների ընթացքում թերթերում բազմաթիվ հրապարուկմներ են եղել վերը նշված հանցագործության մասին, սակայն որևէ իրավապահ մարմին հարկ չի համարել ընթացք տալ գործին:

ՀԿ ղեկավարը շեշտեց, որ կեղծ փաստաթուղթ ներկայացնելով և պատգամավոր ընտրվելով՝ Մարուքյանն, ըստ էության, զուրկ է լեգիտիմ պատգամավոր լինելուց: Հեքիմյանը հայտարարեց, որ խնդրին իրավական լուծում տալու պահանջով իրենք պատրաստվում են դիմել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին՝ այս հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու համար: ՀԿ-ի ղեկավարը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել ՀՀ դատախազություն՝ պարզելու, թե ինչու մինչև այժմ վերջիններս քննության առարկա չեն դարձրել պատգամավորի կողմից անօրինականության դիմելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: Նրանք նամակով դիմելու են նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինս ԱԱԾ-ից պահանջի ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա՝ Էդմոն Մարուքյանի՝ Հայաստան մուտքի ու ելքի մասին տեղեկատվություն: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее