Համաշխարհային հակադոպինգային գործակալության հաշվետվության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանը կեղծել է մարզիկների դոպինգ-թեստերը
Ռուսաստանը, հնարավոր է, հեռացվելու է այս ամառ կայանալիք Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի մասնակցությունից: Պատճառը Ռուսաստանի պետական կառույցների աջակցությունն է քառամյա դոպինգային ծրագրին:
Միջազգային օլիմպիական կոմիտեն երեքշաբթի՝ հուլիսի 19-ին, որոշում կկայացնի արգելել Ռուսաստանին մասնակցել օգոստոսին 5-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, թե այնուամենայնիվ իրավիճակին ավելի մեղմ վերաբերվել:
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը խոստացել է, որ «պատժամիջոցները խստագույն են լինելու», քանի որ եզրակացությունները շոկային են և ակնհայտ է սպորտի և Օլիմպիական խաղերի ոգու վրա աննախադեպ գրոհը:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետազոտության արդյունքները
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայտնաբերել է ռուս մարզիկների մեզի 580 նմուշ, որոնց դոպինգ-թեստը դրական պատասխան է ունեցել: Հետազոտված նմուշները վերցվել են 2012թ-ի Լոնդոնի և 2014թ-ի Սոչիի Օլիմպիադաների ժամանակ մոտ 30 սպորտաձևերի ներկայացուցիչներից:
Հուլիսի 18-ին հրապարակված հաշվետվությունում, որի հեղինակը դոկտոր Մակլարենն է, ասված է, որ Ռուսաստանի սպորտի նախարարությունը փոխարինել է դրական դոպինգ-թեստով նմուշները: Իսկ նախարարությունն ունեցել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության և Ազգային հավաքականի նախապատրաստման ռուսական մարզային կենտրոնի աջակցությունը:
Անալիզները փոխելու նշված դեպքերը տեղի են ունեցել 2011-2015թթ-ի ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերին երկրի մարզական հաջողությունները բարելավելու համար:
Հաշվետվության համաձայն, Սոչիի Օլիմպիադայում դրական դոպինգ-թեստ ունեցող մեզի նմուշները փոխարինվել են մաքուրներով, որոնք սառեցված վիճակում Սոչիի լաբորատորիաներ են տարել ԴԱԾ գործակալները: Նրանք այնտեղ ներկա են եղել որպես աշխատակազմի ներկայացուցիչներ:
Մասշտաբային հետաքննություն անցկացնելու համար առիթ ծառայած տեղեկատվությունը հրապարակվել է Ռուսական հակադոպինգային կազմակերպության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը: Նախագահ Վլադիմիր Պուտինը նրան սկանդալային համբավ ունեցող անձ է անվանել:
Ռուսաստանի պատասխանը
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխատանքից կազատի բոլոր նրանց, ովքեր նշված են Մակլարենի հաշվետվությունում: Ռուսական գործակալությունների հաղորդմամբ՝ այդ ցուցակում առաջիններից մեկը սպորտի փոխնախարար Յուրի Նագորնիխն է:
Միաժամանակ Կրեմլը դիմել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ռուսական քննչական մարմիններին լիարժեք, օբյեկտիվ, փաստերով հիմնավորված տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի