«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է.
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «գաղտնի քվեարկությամբ» ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Այն, որ պատմափիլիսոփայական գիտություների դոկտոր մարզպետը ստանձնելու էր սույն պաշտոնը, անսպասելի չէր: Նա դրան հասնելու համար ջանք չխնայեց: Երբ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը անպաշտոն մնաց, Սյունիքից «ՀԺ»-ն պարբերաբար տեղեկություններ էր ստանում, որ Լիսկան փորձում է հասնել նրան, որ Վահե Հակոբյանին հեռացնեն Գորիսի պետհամալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:
Մենք տեղեկացրել էինք, որ կառավարության փետրվարի 17-ի որոշումներից մեկով փոփոխություններ են տեղի ունեցել Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում: Այդպիսով, Սյունիքի գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուհի խորհրդի անդամ դարձավ, իսկ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացվեց նույն խորհրդի կազմից: Նորընտիր խորհուրդը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր մարզպետին վերադարձրեց նախկին պաշտոնը:
Դոկտոր Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պատրաստվում անել Գորիսի համալսարանի համար:
-Պարոն Խաչատրյան, ձեզ լրագրող է զանգում:
-Դու կարգը խախտում ես, ձեր զանգելու ժամը մինչեւ 19:00-ն է, հիմա 20:30 է:
-Դե, դուք կարող եք բացառություն անել, ինձ մի հարց է հետաքրքրում:
-Չէ, դու կարգը խախտում ես:
-Ոչինչ, կարող եք տուգանել:
-Չէ, չեմ պատասխանում:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք պատրաստվում անել Գորիսի համալսարանի համար:
-Չէ, 20:30 ա, քեզ չեմ պատասխանի: Էս ժամին, որ մտածել ես զանգես, մեջդ մի թունոտ բան կլինի: էն վախտ (նկատի ունի 2006-2013 թթ.-ին), որ խորհրդի նախագահ էի, խի՞ էն վախտ չէիր հարցնում, հիմա ես հարցնում:
-Ինչո՞ւ Վահե Հակոբյանը հեռացվեց նախահագի պաշտոնից, ի՞նչ փոխվեց:
-Դե, ով պաշտոնյա է, պետք է խորհրդի նախագահ լինի, ի՞նչ կա դրա մեջ:
-Հիմա, որ դուք կրկին ընտրվել եք այս պաշտոնում, ի՞նչ եք անելու:
-Հիմա ես հո քեզ հաշվետո՞ւ չեմ, որ ես քեզ ասեմ՝ ինչ եմ անելու, ինչ որ անեմ, ես գիտեմ՝ ինչ եմ անելու, ինչ էլ որ անեմ, հանրությունն է տեսնելու՝ ինչ եմ անելու, քեզ հո հաշվետո՞ւ չեմ:
-Ձեզ ինչո՞ւ է հարկավոր այս պաշտոնը:
-Բարի գիշեր, բարի գիշեր, լավ մնա:
Նյութը՝ սկզբանղբյուր կայքում