▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ». Վարուժան Գեղամյան

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Երեկ Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռում, նախնական տվյալներով, 8 մարդ է եղել, հաղորդում է իրանականTasnim-ը։

Զոհերի թվում են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործանախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Ալի Ալե Հաշեմը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ նախագահի պահպանության պետ Մեհդի Մուսավին։ Անձնակազմի կազմում են եղել 2 օդաչու և 1 տեխնիկական աշխատող, որոնց անունները չեն նշվում։

***

Իրանի նախագահ Ի. Ռաիսին, արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, այս մասին հայտնում են BBC-ն, CNN-ը, իրանական պետական Press TV-ն: Նախագահի մահվան մասին լուրը հաստատել է նաև փոխնախագահը: Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տեսանյութ և լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանին զոհվել են ավիավթարում։
Սա արդեն պաշտոնական է։
Կից վթարի վայրից առաջին կադրեր են։

Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական շահերից»:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է` անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք:

Հուսանք, որ, այնուամենայնիվ, վատթարագույնը տեղի չի ունեցել»:

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։

Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»։

***

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը»,- փոխանցում է լրատվամիջոցը։


Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի նախագահները  մասնակցեցին երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը, իսկ վերադարձի ճանապարհին Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի ենթարկվեց։

***

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Իրանի ՆԳՆ նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է։

Նշվում է, որ առնվազն 40 փրկարարական խումբ է ներգրավված որոնողական աշխատանքներին։ Իրանի կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։

***

Էբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ բարեկամական հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձր պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի լուրը։

Մենք աղոթում ենք  Ալլահին նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկցող պատվիրակության համար:

Որպես հարեւան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

***

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

***

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված արտակարգ դրությունը, հույս է հայտնել, որ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը:

«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում։

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее