azatutyun.am-ը գրում է. «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի գնահատմամբ, զենքը վայր դրած և իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբին հաջողվել է «հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնել» և հասնել «անհավանական արդյունքի»:
«Սասնա ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գաղափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները ետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար», - Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով «Ազատության» հարցերին տրված գրավոր հարցազրույցում հայտարարել է Չուգասզյանը։
Թեև «Հիմնադիր խորհրդարանի», ինչպես նաև ընդդիմադիր այդ ուժի հետ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի շրջանակներում համագործակցող «Ժառանգություն» կուսակցության և «Ոտքի՛, Հայաստան» շարժման ներկայացուցիչները կալանավորված են, Չուգասզյանի խոսքով, ընդդիմադիր այս ուժերը շարունակելու են գործել․ - «Ցանցային դարաշրջանում՝ ոստիկանապետական կարգերի պայմաններում, քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդհանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորանոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռերի» այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և Սփյուռքի համակրանքը, ուրեմն և մասնակցությունը ՀԽ-ի և «Նոր Հայաստանի» քաղաքական ծրագրերին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում