aysor.am-ը գրում է. Հայ ժողովուրդը շատ ուրախ է, որ Ֆրանցիսկոս Պապը շուտով այցելելու է Հայաստան: CNA/EWTN News-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Հայ ժողովուրդը սովորել է ուժեղ լինել իր պատմության շնորհիվ, ասել է դեսպանը, հղում անելով մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը, որին զոհ են գնացել 1.5 մլն հայեր:
«Ուժի դրսևորում է սեփական պատմությունը հիշելը, ուժի դրսեւորում է սեփական պատմությունը հասկանալը, ուժի դրսեւորում է սեփական պատմությունը ընդունելը», - ասել է Մ.Մինասյանը՝ խոսելով հայ ժողովրդի մասին:
«Իհարկե, Ֆրանցիսկոս պապը ամենահիմնարար քայլերից մեկը արեց Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագին հրավիրելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Հայ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդներին եւ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելով», - ասել է Մ.Մինասյանը:
Մ.Մինասյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը անհամբեր սպասում է Հռոմի պապի հայաստանյան այցելությանը, քանի որ նա շատ մեծ աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը տեղի կունենա հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում