Բրիտանական հեղինակավոր The Guardianպարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել սահմանամերձ Մովսես գյուղին` ներկայացնելով տարիներ շարունակ հակառակորդի նշանակետի տակ ապրող գյուղացիների առօրյան ու դրա անբաժան մասնիկը կազմող դժվարությունները:
Հոդվածի հեղինակ Ամալյա Իլգները զրուցել է Մովսեսի բնակիչներից մի քանիսի հետ:
«Անժելա Այվազյանի թոռնուհին դուրս էր գալիս մանկապարտեզից, երբ հնչեցին կրակոցները: Հնգամյա աղջիկը, ով արդեն սովոր է այս ամենին, արագ վազել է տուն` լավ իմանալով, որ նման իրավիճակներում չի կարելի որևէ տեղ կանգ առնել:
Այս անգամ որևէ մեկը չի տուժել, բայց Մովսեսի բոլոր բնակիչները գիտեն, որ հակառակորդի դիպուկահարների հաջորդ հարձակումն ուղղակի ժամանակի խնդիր է: Այստեղի բնակիչների համար հուլիսի վերջին տեղի ունեցած հարձակումը դարձել է առօրյա կյանքի մի մասը: Ադրբեջանական սահմանից ընդամենը 300մ հեռավորության վրա գտնվող գյուղի տների մեծ մասը գտնվում է դիպուկահարների տեսադաշտում և, ըստ այդմ, հեշտ խոցելի թիրախ է»,-գրում է հեղինակը` նկատելով, որ Մովեսում չկա մի տուն, որի վրա փամփուշտի հետքեր չլինեն
«Մեր երեխաներն ապրել են այս մթնոլորտում, հիմա էլ մեր թոռներն են նույնկերպ մեծանում. ժամանակն անցնում է, բայց իրավիճակը լավանալու փոխարեն, ավելի է վատանում»,- նշել է տեղաբնակ Կիմա Ալիպյանը»:
Խոսելով արտագաղթի մասին` հեղինակը նշում է, որ աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղում ապրող ամեն մի ընտանիքից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող կա: