▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող դրանք պահել ինձ մոտ, դա արդեն ֆանատիզմ է. Անի Հովակ

Այսօր՝ հունիսի 20-ին, Հայ Արտ մշակութային կենտրոնում բացվելու է Անի Հովակի անհատական ցուցահանդեսը, որը տևելու է ընդամենը մեկ օր:Asekose.am-ը զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ սպասված ցուցահանդեսի, դրա կարևորության, օրվա խորհուրդի և մեծ երազանքների մասին:

«Այս ցուցահանդեսը իմ բոլոր ցուցահանդեսներից, թերևս, ամենամեծն է, որին ներկայացված են մոտ 5 տասնյակ նկարներ, հիմնականում կլինեն կոլաժային գործեր: Նշեմ, որ ցուցահանդեսին ներկա կլինեն նաև «Հովեր» և «Զանգակներ» խմբերը և միասին կերգենք: Այս ցուցահանդեսն ինձ համար ամփոփում է, իմ աշխատանքների հանրագումարը: Գուցե սրանից հետո որոշ ժամանակ այլևս ոչինչ չանեմ, մինչև նոր բան մտածելը: Ոչ մի խորագիր չեմ ընտրել, թերևս, կարելի է այն անվանել « Իմ աշխարհը», քանի որ այնտեղ բոլոր նկարներն իմ աշխարհի մասնիկներն են: Ես ծայրահեղ անկեղծ եմ և ամեն ինչ փորձում եմ այդ ձևով անել: Ինչպես ցանկացած նկարչի, այնպես էլ իմ աշխատանքներն իմ ներքին աշխարհի դրսևորումներն են, իմ խոստովանությունները նախ և առաջ ինքս իմ առաջ,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Անին:

Մեր այն հարցին՝ ինչու՞ է ցուցանհանդեսը տևելու ընդամենը մեկ օր, Անին նշեց. «Ես ուղղակի որոշում եմ ինչ-որ բանով զբաղվել և միանգամից գործի եմ անցնում: Այս ցուցահանդեսն էլ դրա վառ ապացույցն է, որ որոշեցի կարճ ու արագ կազմակերպել ամեն ինչ: Կյանքում շատ հաճախ լինում եմ Անի Հովակ արվեստասերի հակապատկերը՝ կասկածամիտ, ինչ-որ տեղ անհամարձակ, սակայն ուրախ եմ, որ գույների աշխարհում ես լիովին ազատ եմ, ես ժամանակի ու տարածքի մեջ ճամփորդում եմ»:

Մեր զրուցակիցը, անդրադարձավ նաև նախորդ ցուցահանդեսին, որը տեղի էր ունեցել «Նավավար» ձկնալի ըմպելարանում.

«Նախորդ ցուցահանդեսս պարզապես հրաշալի անցավ: Մի քանի գործ վաճառվեցին: Առհասարակ, կարող եմ ասել, որ ցուցահանդեսի հետ կապված սպասելիքներս լիովին արդարացան: Ցուցահանդեսից հետո շատերը գրեցին ինձ սոցիալական ցանցով, որ եկել են ձուկ ուտելու և անակնկալի են եկել՝ տեսնելով, որ Նավավարի միջավայրին համահունչ  համապատասխան նկարներ ն կախված, որոնք իրենք շատ են հավանել: Այդ նամակներից շատ եմ ուրախացել ու ոգևորվել, քանի որ գրողները անծանոթ մարդիկ էին, այսինքն՝ կարող եմ ասել, որ աշխատանքս գնահատվել է մարդկանց կողմից»:

Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի, այնպես էլ Անի Հովակի համար ցուցանադեսները մեծ նշանակություն ունեն:

«Առաջին ցուցահանդեսը եղավ «Նարեկացի» արվեստի միությունում, երբ ես դեռ ընդամենը մի քանի արված աշխատանք ունեի: Երբ ինձ ասացին, որ նայել ու հավանել են աշխատանքներս և պատրաստ են տարածք տրամադրել ցուցահանդեսի համար, ես շատ ոգևորվեցի: Այս իմաստով ես շատ շնորհակալ եմ այդ կենտրոնին՝ առաջին հնարավորություն ընձեռելու համար և նաև ընկերներիս, ովքեր շատ օգնեցին ինձ այդ հարցում: Շատ հետաքրքիր զգացողություններ էին, երբ դու ինչ-որ բան ես անում, ու դրանք տանն են, միայն քո ու մտերիմների համար, մեկ էլ հանկարծ դրանք դառնում են բոլորինը: Դրանից հետո եղան ևս մի քանի ցուցահանդեսներ, նույնիսկ հասցրել եմ ցուցահանդես-վաճառքներ ունենալ տարբեր սրճարաններում: Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթին գնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից, քանի որ ընկերներդ, հարազատներդ, միևնույն է, տեսնում ու գնահատում են գործերդ»,- մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Անին, ապա հավելեց. « Դժվար չեմ բաժանվում նկարներիցս, եթե տեսնում եմ, որ գնում են լավ ու նկարներից հասկացող մարդիկ: Ես հասկանում եմ, որ իմ գործերը պետք է ճամփորդեն, ես չեմ կարող դրանք պահել ինձ մոտ, դա արդեն ֆանատիզմ է»:

Երիտասարդ նկարչուհին մեծ ցանկություն ունի դրսում մասնակցելու տարբեր փառատոնների ու մրցույթների, ներկայացնելու իր գործերն արտերկրում, սակայն դեռ չունի հովանավորներ:

«Ամեն ինչ ինքս եմ անում: Ճիշտ է, մեծ ցանկություն ունեմ դուրս գնալու և մասնակցելու տարբեր ցուցահանդեսների, սակայն դեռ բավարար ֆինանսական միջոցներ չունեմ»,-անկեղծացավ Անին՝ լավատեսորեն համոզված լինելով, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Նշենք, որ այսօր  Անի Հովակի ծննդյան օրն է: Asekose.am-ը շնորհավորում է երիտասարդ նկարչուհուն՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ և բազմաթիվ ցուցահանդեսներ: 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Անի Հովակի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Ինձ վատ չեմ զգում, որ աշխատանքներս վաճառում եմ…Անի Հովակը` իրեն քննադատողների մասին և ոչ միայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее