▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու». Բագրատ Սրբազան

«Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար»,- քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով նեռն ասել է հետևյալը․ «Հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»։ Այդ ստախոս, վախկոտ նեռը որոշել է այդպիսի հայտարարություն անել ու մենք հետապնդելու ենք։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,- ասաց Սրբազանը:

***

«Մայր Աթոռը շարունակո՞ւմ է աջակցել այս շարժմանը, որովհետև կարծիքներ են հնչում, թե այլևս չի աջակցում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին հարց ուղղեց լրագրողը:

«Մայր աթոռի աջակցման-չաջակցման խնդիր չկա: Մայիսի 26-ին հայտարարել եմ, որ ես անձնապես եմ պատասխանատվություն ստանձնում, որը կապված է այս շարժման առաջնորդության հետ»,- պատասխանեց Սրբազանը:

Դիտեք նաև՝

Սուրբ Աննա եկեղեցու բակում արևելագետ Գուրգեն Մելիքյանը Գուրգեն Մելիքյանը նշեց, ոչ հայերի թելադրանքով ուզում են մեր էությունը փոխել, բայց իրենց նպատակին չեն հասնելու: «Իրենց բոլոր ելույթները, կենսակերպը, սահման գնալը, սահմանագծումը մի նպատակ են հետապնդում՝ հայի էությունը վերացնել: Նրանք ասում են, որ շարժումը վերանում է. իրենք են վերանալու: Շարժումը համահայկական է, և վստահեցնում եմ՝ հաղթանակելու է»:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին. «Քաղաքական առումով ե՞րբ կակտիվանա շարժումը»:

«Այս ընթացքը տանում է դեպի սեպտեմբերի սկիզբը»,- ասաց Սրբազանը` խուսափելով փակագծեր բացել:

***

«Այսօր դասախոսական կազմի հետ եմ հանդիպել՝ ընտիր, ուժեղ, երիտասարդ դասախոսներ, մասնագետներ։
Մարդկանց ժամերը կա՛մ այնքան են կրճատել, որ հասցրել են զրոյի, կա՛մ պարզապես հաստիքն են փակել, որպեսզի չկարողանան աշխատել»,- անդրադառնալով բուհերում տիրող բռնաճնշումներին` ասաց Բագրատ Սրբազանը։ Նա հավաստիացրեց` ընդդիմադիր հայացքների համար այսպիսի բռնաճնշումներ երբեևէ չեն եղել:

«Գրանցել էինք հիմնադրամ կամ ՀԿ, մեր դրամահավաք-ֆինանսական միջոցների կենտրոնացման իմաստով: Մինչև հիմա նրանք, ովքեր մասնակցել են, իրենց միջոցներով, առանց կենտրոնացված լինելու, արել են: Բայց մենք որոշեցինք, որ ավելի կազմակերպչական իմաստով առաջ գնալու, աջակցության ընթացքը տեսնելու առումով շատ կարևոր է թափանցիկ, բաց նյութական միջոցների ապահավումը: Նյութական միջոցները շատ կարևոր են գործունեության համար, ոչ մի գաղտնիք այստեղ չկա:

Այդուհանդերձ, Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել պարզ հիմնադրամ` գործելու համար: Ես հարցրել, ասել եմ` բա լավ, լիքը ընդդիմադիր կուսակցություն կա, ինչպե՞ս են բացել հաշիվները, ի՞նչ սկզբունքով, բա իրենց ինչո՞ւ չեն արգելել:

Ինչո՞ւ են մեզնից վախենում: Բանկեր, դուք, որ գիտեք, որ չեք բացել, ինչի՞ց եք վախեցել, ձեր փողե՞րն եք կորցնելու: Դուք զուտ հանրությանը տնետեսապես ծառայելու միջոց եք, ավելին չեք: Փոխանակ ուրիշները վախենան բանկերից, իրենք են վախենում»,- Սուրբ Աննայի բակում տեղեկացրեց Բագրատ Սրբազանը:

***

«Հայաստանի անկախությունից առ այսօր մենք երբեք չենք ունեցել այսքան պառակտված, Սփյուռքը հայրենիքից այսքան հեռացած իրավիճակ։ Սա քննադատություն չէ, սա իրավիճակի գնահատականն է։ Սա մի իրավիճակ է, երբ վաղը կարող ենք հասնել անդառնալի մի կետի։

Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել։
Սփյուռքը ոտքի էր կանգնել Հայաստանի Հանրապետությանը նեցուկ լինելու համար, սակայն դրա դիմաց ստացավ խորն անվստահություն, չհրապարակված դրամական հոսքեր, հանգանակությունից գոյացած ծանրոցներ, որոնք չծառայեցին իրենց նպատակներին և որոշ պաշտոնյաների տներից այդ արկղերը հայտնաբերելու փաստեր։ Հայրենիք-Սփյուռք բեկումնային ջրբաժանն սկսվեց 44-օրյա պատերազմի ու նրան հաջորդած ժամանակաշրջանում»,- Սուրբ Աննայի բակում նշեց դիվանագետ Վահագն Մելիքյանը:

***

«Ես մերոնց ասել եմ` որտեղ կտեսնեք ԱԱԾ-ից կամ այլ ուժային ոլորտից ներդրված մարդիկ մեր շարքերում, բացահատեք, պախարակեք, ճամփեք»,- խոսելով երեկվա միջադեպի մասին` ասաց Բագրատ Սրբազանը:

«Երեկ Աբովյանի դահլիճում խնդրեցի, որ լրագրողները տեսախցիկները մի պահ անջատեն և ասացի` խնդրում եմ, ովքեր ԱԱծ-ի աշխատակից են, դուրս գան: Երկու հոգի թողեցին, դուրս եկան: Մեղք են: Այս ամենը փոխելուն է միտված այս պայքարը»,- ասաց Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее