Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի նոյեմբերի 24-ին կայանալիք երեւանյան համերգը չեղարկվել է:
«Հայկական ժամանակ»-ն է գրում այս մասին ու նշում, որ այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ «AVM prodaction» ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը:
Ամանորի գիշերը Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչն էլ հանդիսացել է չեղարկման պատճառ: Համերգը արդեն մեկ անգամ հետաձգվել էր: Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության պատճառաբանությամբ տեղափոխվել էր նոյեմբերի 24-ը:
Դրանից հետո «AVM production»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ հոկտեմբերի 18-ի համերգի համար գնված տոմսերն ուժի մեջ են: Վիկտորյա Մալոյանը հայտնել է , որ տոմսերը բավականին լավ են վաճառվել: Վաճառքը չի նվազել նաեւ համերգի օրը տեղափոխելուց հետո, սակայն հենց քաղաքապետարանը հայտարարել է հրապարակում սպասվող անվճար համերգի մասին, տոմսերի 80 տոկոսը մարդիկ հետ են վերադարձրել:
«Քաղաքապետարանը շատ տգեղ բան արեց: Մենք կանխավճար էինք տվել թե՛ համալիրին, թե՛ Բրեգովիչին»,- ասել է ընկերության պրոդյուսերը ու հայտնել է, որ խնդրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հայտարարությունը տարածեն նոյեմբերի 24-ի համերգը կայանալուց հետո, սակայն չեն արել:
Ընկերությունը հայցում է բոլորի ներողամտությունը եւ տեղեկացնում, որ վաճառված տոմսերի գումարները կարող են ստանալ մինչեւ դեկտեմբերի 20-ը:
Տիգրան Վիրաբյանը չի հերքել, որ կազմակերպիչները դիմել են հայտարարությունը ժամանակավոր հեռացնելու խնդրանքով, սակայն խոսքը վերաբերել է ոչ թե մինչեւ նոյեմբերի 24-ը չդնելուն, այլ հոկտեմբերի 18-ը: «Երբ որ համերգը հետաձգվեց, այստեղ արդեն մենք չէինք կարող հայտարարություն չանել»,- ասել է Վիրաբյանը:
Իսկ ինչքան գումար են հատկացրել Ամանորի գիշերը հրապարակում կայանալիք Բրեգովիչի համերգի համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը միայն նշել է՝ տոնական միջոցառման բոլոր ծախսերը կատարվելու են կառավարության որոշմամբ հատկացված 271 միլիոնի եւ Երեւանի բյուջեով նախատեսված 54 միլիոնի շրջանակներում: