▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորին էլ աջակցում եմ` Ծառուկյանին, դաշնակներին, հանրապետականներին, Րաֆֆի Հովհաննիսյանին...

Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Asekose.am-ի հետ զրուցյում ասմունքողը նշեց, որ  չնայած այդ հանգամանքին` քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի.

«Այս ամենը ոչ թե քաղաքական, այլ մշակութային բնույթ ունի: Մենք քաղաքական առումով որևէ կուսակցության չենք հարում: «Հայկական վերածնունդ»-ից ստացանք առաջարկը և որոշեցինք համագործակցել. առհասարակ, նորմալ առաջարկներին երբեք էլ դեմ չեմ լինում»:

Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է որոշել անդամագրվել հենց Արթուր Բաղդասարյանի ստեղծած կուսակցությանը, Լիանա Զուրաբյանը պատասխանեց.

«Ես բոլորին եմ աջակցում` ոչ միայն Արթուր Բաղդասարյանին. աջակցում եմ նաև «Բարգավաճ Հայաստանին», Ծառուկյանի միջոցառումներն եմ կազմակերպում,  նաև աջակցում եմ դաշնակներին, հանրապետականներին, Րաֆֆի Հովհաննիսյանին (Արմենուհին ինձ շատ մտերիմ է): Բոլոր կուսակցություններն էլ ինձ հարգում են, բոլորի հետ էլ մտերիմ եմ, և բոլորն էլ գիտեն, որ ես իմ գործն եմ անում: Կոնկրետ որևէ մեկին չեմ հարում, իսկ «Հայկական վերածնունդ»-ի կողքին յուրաքանչյուրն էլ կարող է լինել: Եթե կարող ենք համերգային ծրագրերով հանդես գալ, իրենք էլ կարող են օժանդակել, ինչո՞ւ պետք է հրաժարվել»:

Միաժամանակ Լիանա Զուրաբյանը ասաց, որ ծանոթ չէ Արթուր Բաղդասարյանի քաղաքական գաղափարներին.

«Ես քաղաքականության մեջ չեմ մտել և իր քաղաքական աշխատանքներով չեմ հետաքրքրվում. մերը համերգային ծրագրերը և պոեզիան են: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ինձ դուր է գալիս իր կոռեկտ խոսքը, իր հռետորությունը, իր ճարտար միտքը: Ինձ դուր է գալիս նաև այն, որ նա  առանց կարդալու, թղթերը դիմացը դնելու մտքեր է արտահայտում, այսինքն` պարզապես ուրիշի մտքերը չի ներկայացնում. նա խելացի մարդ է»:

Լիանա Զուրաբյանն անդրադարձավ նաև ստեղծված կարծրատիպին, ըստ որի`  մշակույթի մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ.

«Քաղաքականությունն առանց մշակույթի չի կարող, որտեղ կա ելույթ և խոսք, այնտեղ նաև պարի և ասմունքի կարիք կա. իրենց չոր-ցամաք խոսքը ո՞վ կլսի: Մշակույթը տալիս է մարդկանց այդ հնարավորությունը, այդ պատճառով էլ յուրաքանչյուր կուսակցություն մշակութային գործիչների հետ կապ է պահում: Դուք գիտեք, թե մյուսները չեն համագործակցո՞ւմ, ուղղակի նրանց անունները չեն արծարծվում:  Պարզապես մարդիկ պետք է հասկանան, որ մշակութային մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք այլ գործառույթ են իրականացնում: Ես ինքս դեմ եմ և այն կարծիքին եմ, որ արվեստի մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Յուրաքանչյուր մարդ կրում է իր խաչը, և մենք մեր աշխատանքն ենք կատարում. մերն արվեստն է, և ամեն տեղ կարող ենք լինել»:

Զրույցի վերջում ասմունքողը հավելեց, որ չի վախենում այս ամենի հետևանքով քննադատվելուց.

«Իմ ականջներն արդեն սովոր են, ես արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, միայն գիտեմ, որ լավ գործ եմ անում, ով ինչ ուզում է, թող խոսի»,- իր խոսքը եզրափակեց  Լիանա Զուրաբյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

 Այո, «6-րդ զգայարան»-ի Գաբրիելը սիրահարվել է ինձ. Լիանա Զուրաբյան

Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее