▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը ցանկանում է մտնել ՊՊԾ գունդ. բաց նամակ նախարար Արմեն Մուրադյանին

Բժիշկ Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարարին: Այն ներկանացնում ենք ամբողջությամբ.

«Պարոն նախարար

հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել և բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր խոսքը չհնչեցրեց: Էլ ավելի ցավեցի, որ վերջին օրվա ընթացքում մամուլի հեղեղված է պատանդ բժիշկների վերաբերյալ տեղեկատվությամբ:

Հաշվի առնելով,

* որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքի համար,

* որ ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին,

* որ մամուլով և հեռուստատեսությամբ հնչում եմ միակողմանի կոչեր,
ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ նման միակողմանի կոչերը և անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնասում են բժշկի անվանը:

Այդ պատճառով կոչ եմ անում`

1. վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց բուժօգնությունը, ինչպես որ առաջին օրերին էր: Այլապես ստացվում է տպավորություն, որ ջուրը և բուժանձնակազմը ոստիկանների համար էր այնտեղ, այլ ոչ բոլորի համար: Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետևաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ:

2. դա կատարել հատուկ պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմով: Կարծեմ ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՈյի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական և ոստիկանական բժշկական անձնակազմ:

3. Միանշանակ ԱՆ-ն պիտի փաստի, որ ապստամբներին առանց ջուր թողնելը նույնպես հակահիգիենիկ է, հատկապես ամռան շոգերին, և պետք է քայլեր ձեռնարկվեն ջրամատակարարման վերականգնման համար` վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Կարծում եմ բոլորիս հայտնի է նաև, որ երկարատև քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն և ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից:

Հասկանալի է, թե դա ինչ հետևանք կարող է բերել, և ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը:

4. բուժօգնության, ինչպես նաև ջրի և սննդի մատակարարման խնդրում ընդգրկել Կարմիր Խաչին, եթե այլ տարբերակ չկա այդ խոչընդոտը հաղթահարելու:
Եթե ԱՆ-ը և այլ կառույցներ, այդ թվում Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը, փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին,

* եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանքի հետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի,

* եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում),

* եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով և դեղորայքով, ջրով (անշուշտ դեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որ ոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել):

Վստահ եմ, որ այս կոչին կմիանան շատ բժիշկներ, եթե վերոհիշյալ երաշխիքները Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, կարողանաք տրամադրել:

Նախապես նշեմ, որ վիրաբույժ չեմ, հետևաբար վիրաբուժական ծառայություն ցուցաբերել չեմ կարողանա (այլ միայն վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն):

Նաև հասկանում եմ, որ բժիշկի աշխատանքի որակը 24 ժամից իջնում է` հատկապես սննդի և ջրի բացակայության պայմաններում, հետևաբար այնտեղ գտնվող բուժաշխատողները փոխարինման կարիք ունեն (նույնը կվերաբերի հետագայում ցանկացած մեկին, ով նրանց կփոխարինի):

Բժիշկ գործընկերներիս եմ դիմում. նամակը գրված է իմ անունից, քանի որ ես պարզապես չգիտեի, թե ուրիշ ով կմիանար: Բայց այն կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրինը հավասար չափով, ով ներքևում իր ցանկությունը և անուն ազգանունը կնշի:

Հարգանքներով` Արմեն Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее