Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, ցուցարարներն իրենց պահանջն էին ներկայացնում՝ «Սասնա ծռեր» խմբին փոխանցել արդեն իսկ գնված սնունդը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում սպասել մի քանի րոպե, մինչ նա կգնար Սարի թաղ ու վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Երբ Փաշինյանը հեռացավ տարածքից, ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ ու ոստիկաններին պատասխանի համար տվեցին 30 րոպե։
Քիչ անց ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում և վանկարկում «հիմա»։
Ցուցարարներին մոտեցավ ոստիկանություն ներկայացուցիչը և կոչ արեց հանդուրժողական լինել՝ նշելով, որ եթե նորից քարեր նետվի ոստիկանների ուղղությամբ, ապա նրանք ձեռնարկելու են բոլոր միջոցները։
Դրանից քիչ անց ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որից հետո էլ տեղի ունեցավ վերջիններիս և ոստիկանների բախումը։
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: