▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսելոնայում ձերբակալված գործարարը՝ իշխանությունների հետ կապերի և փողերի լվացման մասին

Armtimes.com-ը գրում է. Կայքը Երեւանում զրուցել է Բարսելոնայում մոտ երկու ամիս առաջ ձերբակալված եւ կալանավորված հայազգի գործարար Արման Մայիլյանի հետ, որը մեղադրվում է հանցավոր խմբավորման եւ փողերի լվացման մեջ:

- Պարոն Մայիլյան, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ մեղադրանք էր Ձեզ առաջադրվել, քանի՞ օր անցկացրեցիք կալանավայրում եւ ի՞նչպես ստացվեց, որ հիմա ազատության մեջ եք:

- Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 6-ին, անհայտ պատճառներով Բարսելոնայի ոստիկանության աշխատակիցները մտան իմ տուն՝ մոտ 65 հոգի: Իրավիճակը հասկանալու համար հարցրեցի, թե ինչումն է կայանում խնդիրը եւ որն է պատճառը: Ոստիկաններն ինձ  բացատրեցին, որ մեղադրվում եմ կազմակերպված հանցավոր խմբի և փողերի լվացման մեջ: Բնականաբար, դա իմ համար անհասկանալի ու զարմանալի էր: Այնուհետեւ, ոստիկանները սկսեցին խուզարկել տունս: Նրանց հետաքրքրում էր, թե որտեղ են պահված փողերը, որտեղ են չհրկիզվող պահարանները: Մոտ 3 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք այդպես էլ ոչինչ չգտան:

Այդ օրն առգրավեցին մեքենաներս ու ձեռքիս ժամացույցները, իսկ ինձ տարան իմ ռեստորան, որը նույնպես խուզարկվել է՝ իմ ներկայությամբ: Նույն ժամանակահատվածում, խուզարկություն էին կատարում նաեւ նույն գործով մեղադրվող 11 անձի բնակարաններում եւ այլ վայրերում: Ինձ պատկանող ռեստորանում նույնպես որևէ բան չեն գտել, բացի ուտելիքից, որը նույնպես առգրավել են, իսկ ինձ տեղափոխել են Բարսելոնայի ոստիկանության բաժանմունք: Երկու օր ձերբակալված մնալուց հետո ինձ կալանավորել են և կարճ դատական նիստից հետո տեղափոխել են կալանավայր: Այդ պահին ինձ հետ էր իմ փաստաբանը, ում թույլ չտվեցին ծանոթանալ գործի մանրամասներին, իսկ միջնորդությունը՝ գրավի դիմաց ինձ ազատ արձակելու վերաբերյալ, նույնիսկ չքննվեց դատարանում: Այդ օրը մեզ՝ 7 հոգու, ձերբակալեցին:

- Այդ անձանցից ո՞ւմ եք ճանաչում:

-Բոլորին էլ ճանաչում եմ: Յոթից մեկը ես եմ, մյուսը՝ հարազատ եղբայրս, մտերիմ ընկերս  եւ գործընկերներս:

- Բացի ձեզնից, այլ անձանց է՞լ են նույն գործով մեղադրանք առաջադրել:

- Սկզբում ձերբակալվել  է 11 հոգի, սակայն կես ժամ անց չորսին ազատ են արձակել եւ մնացել էինք մենք՝ յոթս:  Բոլորին գրեթե նույն մեղադրանքն էր առաջադրվել:

- Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ գործում ներգրավված է նաեւ Կիեւի նախկին քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու որդին՝ Ստեփան Չեռնովեցկին: Դուք ծանո՞թներ եք:

- Ստեփան Չեռնովեցկին իմ ընկերն է, գործընկերը: Շատ լավ մարդ, լուրջ մարդ, ընտանիքի հրաշալի հայր, կայացած ու շատ լուրջ բիզնեսմեն, ով չէր կարող առնչություն ունենալ այս գործին: Մեզ առաջադրվել է 10 միլիոն եվրոյի լվացման մեղադրանք, բայց այդ գումարը տեղաշարժվել է միայն ու միայն բանկային oրինական փոխանցումներով, ուստի՝ մենք այդ տվյալները ներկայացրել ենք համապատասխան մարմիններին: Մեզ համար շոկային էր այդ միջադեպը, սակայն փառք Աստծո, ամեն ինչ պարզվեց:

- Իսկ այժմ որտե՞ղ է նա, իր  եւ մյուսներիդ մասով գործը կարճվա՞ծ է:

- Գործը կարճված չէ: Այս պահին Ստեփանը՝ ինչպես բոլորս, գտնվում է ազատության մեջ և նա էլ տեղաշարժի որևէ խնդիր չունի: 35 օր կալանավայրում գտնվելուց հետո բոլորս ազատ ենք արձակել: Մեզնից ո´չ գրավ, եւ ո´չ էլ ստորագրություն են պահանջել: Մենք մեղադրվում ենք ամենածանր հանցագործության մեջ, սակայն հիմա բոլորս էլ գտնվում ենք ազատության մեջ:

- Ազատ արձակվելուց հետո մասնակցե՞լ եք քննչական գործողություներին:

- Մինչ օրս որեւէ գործողություն չի կատարվել, սակայն իմ փաստաբանն այսօր ինձ տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ բացվելու է առգրավված իրերի փաթեթը, եւ ես հույս ունեմ, որ վերջում պարզվելու է, որ մենք որեւէ բանի հետ առչություն չենք ունեցել:

- Մեծ արձագանք գտավ Ձեր ձերբակալման փաստը, սպասելի՞ էր այն Ձեզ համար:

- Անկեղծ ասած, շատ անսպասելի էր: Ես չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ տան բակում կարող են 100-ից ավելի լրագրողներ հավաքվել: Դա իմ համար բոլորովին անհասկանալի էր: Արձագանք եղել է աշխարհի տարբեր երկրներից, որն ավելի շատ հոգեբանական ազդեցություն է ունեցել իմ ընտանիքի անդամների վրա: Այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները ինչեր ասես, որ չէին գրում իմ մասին: Երբ գործը կարճվի, կարծում եմ, հակառակն էլ կգրեն: Ինձ համար նաեւ շատ անսպասելի էր Հայաստանից ստացած արձագանքը: Ովքեր ճանաչում էին ինձ, վստահ էին, որ ես այս գործի հետ որևէ առնչություն ունենալ չէի կարող:

- Հնարավո՞ր է աղմուկը կապված էր Չեռնովեցկու հանգամանքի հետ:

- Բնականաբար, ըստ մեղադրանքի, ինքն էր հանցավոր խմբի ղեկավարը: Ես համոզված կարող եմ ասել, որ որեւէ հանցավոր խումբ գոյություն ունենալ չէր կարող եւ, բնականաբար, ինքն էլ այդ խմբի ղեկավարը լինել չէր կարող: Ստեփանը չէր կարող լինել իմ ղեկավարը, քանի որ ես եմ իմ ղեկավարը, իսկ նա իմ լավ ընկերն ու գործընկերն  է:

- Բացի ռեստորանային բիզնեսից, ի՞նչ այլ բիզնեսներ ունեք Բարսելոնայում:

- Ես ունեմ շինարարական, դիզայներական, ճարտարապետական և տուրիստական ընկերություններ: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով՝ ըմբշամարտով և իմ ընտանիքի նախաձեռնությամբ 2008 թվականին Բարսելոնայում հիմնադրել եմ «Հայաստան» անունը կրող ըմբշամարտի դպրոցը, եւ ինքս էլ հանդիսանում եմ Կատալոնիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее